Վերլուծական

Պայքար մեծ խաղացողների միջեւ


Վերջին շրջանում հայաստանյան քննարկումներում ուրույն տեղ է զբաղվեցնում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների թեման: Փորձագիտական շրջանակներում խնդրի հետ կապված տարբեր տեսակետներ կան:

Ոմանց գնահատմամբ՝ այդ պատժամիջոցները բացասաբար կազդեն նաեւ Հայաստանի վրա: Կա նաեւ միանգամայն հակառակ տեսակետը: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն, օրինակ, համոզված է, որ Ուկրաինայի հարցով ՌԴ քաղաքականության պատճառով ԱՄՆ-ի պատժամիջոցները որեւէ կապ չունեն Հայաստանի հետ, հետեւաբար՝ այդ թեմայով հայաստանյան քննարկումներն էլ  անտեղի են:

Հարցի հետ կապված հայ եւ ռուս փարձագետների գնահատականներն է ի մի բերել «Ռադիոլուր»-ը:

 

 

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի կարծիքով՝ ԱՄՆ սանկցիաները գործելու են միայն ռուսական ընկերությունների դեմ: Ռուսաստանցի ռազմական փորձագետը նկատեց, որ ռուսական զենքի գնորդների վրա այդ սանկցիաների տարածումը օրենսդրական մակարդակում հնարավոր չէ: Դա հնարավոր չէ կատարել իրավաբանորեն.

«Այն կարող է վիճարկվել: Հետեւաբար, ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն չի մտցնի այնպիսի պատժամիջոցներ այն երկրների դեմ, որոնք կգնեն ռուսական զենք»:

Ուղղակի ազդեցություն չի լինի, սակայն, մոսկվացի ռազմական փորձագետը, կարծում է, որ ԱՄՆ-ն ազդեցության այլ լծակներ կկիրառի այդ երկրների նկատմամբ: Օրինակ՝ կդադարեցնի այդ երկրներին ֆինանսական օժանդակությունը: Վլադիմիր Եվսեեւի կարծիքով՝ դա շանտաժի լեզու է: Ըստ նրա՝ դա առնչվում է նաեւ Հայաստանին, ուստի ճիշտ է համարում, որ նման պարագայում քայլ կատարի նաեւ հայկական լոբբին ԱՄՆ-ում՝ շեշտելով, որ պետք չէ մեկ հարթության վրա դնել ռուսական զենգի երկու գնորդներին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին:

Դա պետք է հասցնել մինչեւ կոնգրեսականներ, մինչեւ ղեկավարություն. այսինքն՝ այն, ինչ անում է ԱՄՆ-ն, դա չպետք է ուղիղ կապ ունենա Հայաստանի հետ, որը գտնվում է մեկուսացման մեջ:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, մինչդեռ, համոզված է, որ  Ռուսաստանի ռազմաարդյունաբեության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները հետեւանք են Ուկրաինայում այդ երկրի վարած քաղաքականության, հետեւաբար՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ որեւէ կապ չունեն:

«Պետք չէ այդքան շատ խոսել: Ես անտեղի եմ համարում այդ քննարկումները: Ի՞նչ կապ ունեն այդ պատժամիջոցները մեզ հետ»:

Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի լավ հարաբերություններ, որոնք ստվերային չեն: Այսինքն, երբ Հայաստանը Ռուսաստանից զենք է ստանում՝ դա  պաշտոնական է, թաքուն չէ եւ դրանով էլ Հայաստանը չի խախտում Եվրոպայի սովորական սպառազինությունների պայմանագիրը, որին միացել է: Այսինքն՝ խաղի կանոնների խախտում չկա, որեմն որեւէ վտանգ չկա Հայաստանի համար, առավել եւս այն ծավալների դեպքում, որն առնչվում է Հայաստանին՝ կարծիք հայտնեց վերլուծաբանը՝ չբացառելով, սակայն, ոչ ուղղակի ազդեցությունը:

Այլ է, սակայն, Ադրբեջանի պարագան: Վերջինս ՀԱՊԿ-ի անդամ չէ եւ Ռուսաստանից ուղղակիորեն գնում է զենք: Քաղաքագետը կարծում է, որ այստեղ խնդիր կա ու դա պետք է տեսնեն թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ, Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Հայաստանի վրա կարող են ազդել զուտ տեսականորեն: Ըստ նրա, սակայն, դրա հավանականությունը մեծ չէ:

Պայքարը մեծ խաղացողների միջեւ է գնում, որի հետ կապ չունենք եւ պետք չէ խառնվել-ոտնատակ ընկնել՝ կարծում են հայ փորձագետները:

Հայաստանը, հասկանալի է, որ պետք է փորձի «եւ-եւ»-ի քաղաքականությունը վարել: Հայ վերլուծաբանները չեն  կարծում, որ անհրաժեշտություն կա այդ պատժամիջոցների հետ կապված հայկական կողմից ինչ-որ ակտիվ գործողության:

Back to top button