Մշակույթ

Հայ-իտալական մշակութային աննախադեպ նախաձեռնություն՝ Երեւանում

Սեպտեմբերի 25 – ից հոկտեմբերի 25-ը Երևանում կանցկացվի  «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով»: Ցուցահանդեսի  շրջանակում Հայաստան կայցելեն նկարիչներ աշխարհի ամենատարբեր երկրներից:

Ցուցահանդես-փառատոնն իր տարբեր բաժիններով բաշխված կլինի մայրաքաղաքի խոշորագույն մշակութային օջախներում: Դրանց թվում են՝ Երևանի օպերային թատրոնը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հայաստանի նկարիչների միությունը և այլն: Ցուցահանդեսը կուղեկցվի մշակութային տարբեր միջոցառումներով, կհրատարակվի ալբոմ-պատկերագիրք:

Հայ-իտալական աննախադեպ ձեռնարիկի մասին այսօր հայտատարել են Մշակույթի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում:

 

«Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության, ինչպես նաև  ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ,  Հայաստանում առաջին անգամ կբացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով»:

2018-ի սեպտեմբերի 25-ին Երևանում կայանալիք հայ-իտալական մշակութային աննախադեպ նախաձեռնության մասին այսօր հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մամուլի ասուլիսին ներկա  ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին նախաձեռնությունը որակեց չափազանց կարևոր՝ մշակութային հարուստ անցյալ ունեցող այնպիսի երկրների համար, ինչպիսիք են  Հայաստանն ու Իտալիան:

«Մենք միշտ խոսում ենք մշակութային անցյալից: Սա մի միջոց է, որով խոսելու ենք  ներկայի մասին՝ մշակույթի լեզվով»,-ասաց Իտալիայի դեսպանը:

Ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանի խոսքով, մշակութային յուրաքանչյուր նախագիծ ունի, կամ առնվազն՝ պե՛տք է ունենա կոնկրետ նշանակետ, գաղափար, իմաստ՝ ի՞նչ նպատակով է այն կազմակերպվում, ի՞նչ նորություն է բերելու և   ի՞նչ ներդրում է ունենալու մշակութային ասպարեզում:

«20-րդ դարը նշանավորվեց 1900 թվականին Փարիզում բացված համաշխարհային ցուցահանդեսով: Այն ունեցավ շուրջ 50 միլիոն այցելու, որը երկար տարիներ չգերազանցված էր: Մասնակցում էր 75 հազար արվեստագետ՝ 35 երկրից: Եվ ի՞նչ բերեց համաշխարհային այս ցուցահանդեսը՝  «մոդեռն» ոճ ամբողջ աշխարհին: Այսինքն, այն ուներ իր առաքելությունը,  որը և կատարեց»:

Ըստ համադրողի, Երևանում կայանալիք  ցուցահանդեսը ևս ունի առաքելություն ու կոնկրետ նշանակետ՝ մշակութային տարբեր մտածողությունները համախմբել ու տեսնել մեկ հարթակում: Ցուցահանդեսի ողջ ընթացքում Հայաստանի պատմությունն ու մշակույթը կներկայացվի տարբեր երկրներում: Այդպիսով, տեղի կունենա նաև մշակութային փորձի փոխանակում:  Մարինա Հակոբյանի բնորոշմամբ՝ հրաշալի հնարավորություն մեկ անգամ ևս ամրապնդելու մշակութային կապերը ոչ միայն Իտալիայի, այլև տարբեր երկրների հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը միջոցառումը կարևորում է մի քանի պատճառով.

«Այս ցուցահանդեսի միջոցով Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնելու իր արվեստը և ծանոթանալու այն ամենին, ինչ կատարվում է համաշխարհային ասպարեզում: Միջոցառումը խիստ ներկայացուցչական է, քանի որ ակնկալում ենք արվեստագետների հոսք  աշխարհի ամենատարբեր երկրներից:  Սեպտեմբերի 25 -ից հոկտեմբերի 25-ն անցկացվող այս միջոցառումը համընկնում է հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին: Այդ առիթով Հայաստան այցելած մեր հյուրերին, նաև ցուցահանդեսի միջոցով, կարող ենք  ցույց տալ, որ Հայաստանն իր ուրույն դերն է  տեսնում գլոբալ աշխարհում՝ նաև մշակույթի միջոցով»:

Սեպտեմբերին կայանալիք ցուցահանդես-փառատոնի լայնածավալ ծրագիրը կընդգրկի կերպարվեստի բոլոր տեսակները: Ծրագրի կոնցեպտուալ հիմքում  բազմաժանրությունն է և  մշակութային տարբեր մտածողությունների համադրումը:

Back to top button