Տնտեսական

Ֆիննախը կլսի «Ելք»-ի առաջարկները


Խորհրդարանական մեծամասնությունը փոքրամասնությանը հուսախաբ չի անի՝ հարկային օրենսգրքին նվիրված ԱԺ  արտահերթ նիստը կկայանա, ինչի մասին այսօր հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։

Ֆինանսների նախարարությունն էլ նշել է, թե ընդդիմության առաջարկում ինչն է անընդունելի կառավարության համար։

 

Փետրվարի 16-ին ժամը 11-ին խորհրդարանն  արտահերթ նիստը կկայանա։ Առաջարկը  ընդդիմադիր «Ելք» խմբակցությանն է: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անհանգստություն ուներ, թե իշխող հանրապետկան կուսակցությունը կտապալի ԱԺ արտահերթը:

Նրա մտահոգությունները իշխանական թևում փարատում են։ ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան. «ՀՀԿ-ն որևէ նպատակ չունի չմասնակցելու, կարող ենք փարատել մտահոգությունները»:

Հունվարի 15-ին Հանրապետական խմբակցությունը մերժել էր  ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած եկամտահարկի դրույքաչափերը փոփոխելու նախագիծը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու առաջարկը։ Այս անգամ չմերժվեց  ընդդիմության՝ արտահերթ նիստին մասնակցելու առաջարկը, սակայն ֆինանսների նախարարությունն ըստ էության հայտարարեց՝ զիջումների չեն գնա:  Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը պնդում է ՝ Հարկային օրենսգիրքը շրջանառության մեջ դրվեց  ավելի բարելավված:

«Կայուն, կանխատեսելի միջավայր հնարավոր  չէր ապահովել: Երկարաժամկետ տնտեսական աճին միտված օրենսդրություն մենք  չենք ունեցել»:

Փոխնախարարը մոտավորապես գիտի, թե ով ինչ է առաջարկելու՝  «Օրինակ, «Ծառուկյան» խմբակցությունը կփորձի մեկ անգամ ևս ներկայացնել իր առաջարկությունը եկամտային հարկի սանդղակի վերաբերյալ, ինչը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության չի արժանացել և չի ընդգրկվել լիագումար նիստի հիմնական օրակարգ:

«Կլինեն նաև առաջարկներ, որ ակցիզային հարկի դրույքաչափերը, որոնք բարձրացել են սեղմված գազի հետ կապված՝ իջեցվեն. «Ցանկացած փոփոխություն կամ հարկային բեռի ցանկացած նվազման փոփոխություն, եթե չի ունենալու միաժամանակ դրա ազդեցության վերականգնման կամ հավասարակշռման որևէ այլ առաջարկ, իմացեք, որ դա սպեկուլյացիա է»։

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, արձագանքելով  ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակներին, ընդգծում է՝ «Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերներին, իհարկե, դա իրենց տեսակետն է»։

Նախարարը խնդրեց փոխնախարարի ասած «սպելուլյացիա» բառը չընկալել որպես վիրավորանք:

Կառավարությունում շարունակում են պնդել՝ նախագծի մշակման ընթացքում մանրամասնորեն քննարկել են բոլոր հարցերը, օրինակ՝ պահպանե՞լ տնտեսավարողներին տրամադրվող արտոնությունները, թե՞ ոչ:  Ֆինանսների նախարարը համոզված է՝ Հարկային քաղաքականությամբ արտոնություններ տրամադրելը սխալ է: Դա պետք է լինի խիստ բացառիկ դեպքերում, պետք է ուշադիր լինեն՝ սողանքներից խուսափելու համար.

«Մեր սկզբունքը այն է, որ արտոնությունները առնվազն չմեծացնենք: Որոնք  պատրաստ ենք շտկելու, շտկենք»:

Ֆիննախում  փորձում են հասկանալ՝ որտեղից փող բերել. Սպառո՞ւմը, թե՞ արտադրությունը հարկելով: Ֆինանսների նախարարը վստահ է՝

«Շատ ավելի լավ է, որ սպառումը հարկես, քան արտադրությունը»:

Նախարարի խոսքով, առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնարար փոփոխություններ չեն անի։ Գոնե այս պահի դրությամբ:

Back to top button