Քաղաքական

Խորհրդարականները՝ Ալիեւի եւ համանախագահների հայտարարության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ Ալիեւի «Երեւանը Ադրբեջանի պատմական տարածք» հայտարարությունները դարձել են ԱԺ ճեպազրույցների քննարկման առարկա։

Որքանով է համանախագահների հայտարարությունը համարժեք ստեղծված իրավիճակին՝ արձագանքել են ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարները։

Եթե մինչև  վերջերս  բանակցային գործընթացը լիարժեք դարձնելու հիմնական խնդիրը  Ղարաբաղի ներգրավումն ապահովելն էր, ապա հիմա արդեն  գերխնդիրը Արդբեջանին բանակցելի դարձնելն ու իրականա բանակցությունների սեղան վերադարձնելն է:  ՀՅԴ խմբակցության ղեկավարը համոզված է, որ սա միջնորդների լուծելու խնդիրն է:

«Ադրբեջանն այսպիսի պահվածքով ու հայտարարություններով ուղղակի անբանակցելի կողմ է դարձել, այս ձևով բանակցությունները շարունակել հնարավոր չէ: Միջնորդ կողմերը պետք է առաջին հերթին հետևյալ հարցը լուծեն՝ չի կարելի բանակցել ու միաժամանակ պատերազմել»:

Արմեն Ռուստամյանը կարծում է, որ   համանախագահների հայտարարությունն անուղղակի պատասխան էր Ալիևի հոխորտանքներին: Ընդունում է նաև, որ այս մոտեցումը պետք է փնտրել ոչ թե  տեքստում, այլ  տողատակերում:

Այն, որ մենք մենք գիտենք, թե ում է  հասցեագրված  համանախագահների հայտարարությունը, փաստ է նաև ընդդիմադիր «Ելք»-ի համար: Խմբակցության ղեկավարն արձանագրում է ՝ համանախագահներն իրենց կոչերն ուղղում են  Ադրբեջանին, բայց  շարունակում են խուսափել կոնկրետ ձևակերպումներից:

«Եթե ասում են՝ կողմերին կոչ ենք անում սադրիչ գործողություններից զերծ մնալ, ես չեմ պատկերացնում, թե ՀՀ կողմից ինչ սադրիչ գործողություններ կարող են լինել: Այն սադրանքները, որոնք տեղի են ունենում, տրամաբանորեն մեզ ձեռնտու չեն, որովհետև մեզ ձեռնտու են խաղաղ ու հանգիստ բանակցությունները»:

Իսկ այն իրողությունը, որ Ադրբեջանն առայժմ շրջանցում է   Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում  ստանձնած պարտավորությունները, Փաշինյանի կարծիքով Մինսկի խմբի համանախագահների խայտառակությունն է:

ՄԽ խմբի համանախագահների վերջին  հայտարարությունն  այն բացառիկ թեմաներից է, որը միևոնույն հարթության վրա է  դրել խորհրդարանի ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր հատվածների մոտեցումները:  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես կարծում է, որ   համանախագաներին կոչերն ակնհայտորեն  վերաբերում են ադրբեջանական կողմին, բայց տեստքում դա այնքան էլ հստակ արտացոլված չէր:  Պետք է հասնել այն բանին, որ Մինսկի խումբը հասցեական գնահատականներ տա ՝ ասում է իշխող խմբակցության ղեկավարը:

«Ժամանակն է, որ հասցեական, հստակ հայտարարություններ լինեն, թե ովքեր են սադրիչներն ու հրահրողները: Եվ մենք որևէ անգամ մեր գոհունակությունը չենք հայտնել այդ կապակցությամբ: Հայկական կողմը պետք է անընդհատ պնդի, որ սահմանին մշտադիտարկման սարքերը պարտադիր ներդրվեն»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  հայտարարությունում  դարձյալ  ընդգծվել  է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների իրականացման կարևորությունը: Համանախագահները խորը  մտահոգություն են հայտնել  շփման գծում հրադադարի խախտման,  մարդկային զոհեր ունենալու փաստի առնչությամբ և  կողմերին կոչ են արել  քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ու  հրադադարը պահպանելու ուղղությամբ:  Այս  հայտարարությունն արվել է Երևանը Ադրբեջանի պատմական տարածք համարելու մասին  Ալիևի   ելույթից  գրեթե անմիջապես հետո:

Back to top button