ԿարևորՔաղաքական

Մինչև ռազմական հեռանկարը չբացառվի՝ դժվար է ակնկալել քաղաքական հարցերի քննարկում. Արցախի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցը «Ռադիոլուրին»

«ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներն իհարկե ցանկություն ունեն նոր լիք հաղորդելու բանակցությւններին՝ ընտրություններից հետո (Ադրբեջանում. խմբ.) և կառավարման ձևը փոխելուց (Հայաստանում. խմբ.) հետո, բայց դրա համար անհրաժեշտ նախադրյալներ չկան և դա կապ չունի ընտրական կամ նախընտրական գործընթացների հետ» «Ռադիոլուրին» տված բացառիկ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն Մասիս Մայիլյանը։

Ըստ նրա՝ առաջին հերթին անհրաժեշտ է , որ վստահության, վերահսկման մեխանիզմներ ստեղծվեն զինադադարի պահպանման համար։ «Այսինքն մինչև ռազմական հեռանկարը չփակվի դժվար է ակնկալել, որ հնարավոր կլինի քննարկել քաղաքական հարցեր, առավել ևս առաջ գնալ»,- ասել է ԱԳ նախարարը:

«Ռադիոլուրի» հարցին պատասխանելով՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Երեւանում եւ Ստեփանակերտում միջնորդների հետ քննարկվել է Ադրբեջանի նախագահի (Երեւանը Ադրբեջանի պատմական հող լինելու մասին. խմբ.) հայտարարությունը, բայց ցավոք ՄԽ համանախագահների հայտարարության մեջ այդ մասը կրկին անհասցե է։ «Այսինքն բոլորի համար հասկանալի է, թե վերջին հրահրիչ հայտարարությունները որտեղից են հնչել և հնչել են Բաքվից, բայց  էլի ցավոք հոգնակի կոչ հնչեց միջնորդների կողմից: Թեև բոլորը հասկանում են նաև, որ դա Ալիևին ուղղված կոչ էր»:

Ալիևի այդ կոչին, Մասիս Մայիլյանի կարծիքով, պետք է լուրջ վերաբերվել։ «Գործող նախագահը և ապագա նախագահը հայտարարում է, որ Ադրբեջանի ժողովրդի և իրենց իշխանությունների ռազմավարական նպատակը դա է, ապա մենք պետք է հասկանանք, որ ուժեղացնելով Արցախը մենք կստեղծենք գործող լծակ, որը կզսպի Ադրբեջանին և նմանատիպ ախորժակներով իրենք հանդես չեն գա: Այսինքն՝ պաշտպանելով և ուժեղացնելով Արցախը մենք լուծում ենք մեծ համահայկական խնդիր»:

Back to top button