Հասարակություն

Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման կապակցությամբ ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

«Հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը՝ Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները և Սուրբ Հոգու մխիթարություն շնորհել նրանց բարեկամներին», — նշել է Նորին Սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթել է, որ Աստված խաղաղ և անվրդով պահի և պահպանի Ռուսաստանի Դաշնությունը և նրա աստվածասեր ժողովրդին։

Back to top button