ԿարևորՔաղաքական

Ընդդիմությունը կողմ է, ՀՀԿ-ն դեմ, ՀՅԴ-ն՝ չկողմնորոշված


Ապրիլի 2-ի ընտրություններից ամիսներ  անց և հաջորդ ընտրություններից 4 տարի առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները  շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծ:

Նրանք առաջարկում են  հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից  և  Ազգային  ժողովի հաջորդ  գումարման  ընտրություններն անցկացնել  100% համամասնական ընտրակարգով:

Նախագծի հեղինակները քաղաքական ուժերին հորդորում են միանալ իրենց առաջարկին և լայն կոնսենսուս ձևավորել: Քաղաքական ուժերից ով ինչպես է արձագանքում առաջարկին:

Ընդդիմությունը կողմ է, ՀՀԿ-ն՝  դեմ, ամենաբարդը ՀՅԴ-ի խնդիրն է: Ռեյտինգային  ընտրակարգին  Հայ հեղափոխական դաշնակցությունը դեմ է ՝ անցնող շաբաթ խորհրդարանում հայտարարեց խմբակցության ղեկավարը:  Արմեն Ռուստամյանը լրագորղներին հիշեցրեց, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին  անցնելու առաջամարտիկը եղել է հենց Դաշնակցությունը, բայց գնացել է կոմպրոմիսի և  համախոհության սկզբունքով համաձայնել միջանկյալ տարբերակի՝ ռեյտինգայինի  ընդունմանը:

Ապրիլի 2-ի ընտրություններից ամիսներ անց՝  Դաշնակցությունը  դարձյալ պնդում է, որ դեմ է ռեյտինգային ընտրակարգին,  բայց այս փուլում խնդիրն արդեն այլ է համարում՝ պետք է մանրամասն քննարկել, թե  ինչով ենք ուզում փորինել ռեյտինգայինը: Հենց այդ պատճառով ՀՅԴ-ն չի շտապում միանգամից համաձայնել Ծառուկյան դաշինքի  առաջարկին: Հիշեցնում է, որ  Ընտրական օրենսգրքի կատարելագործման մասին  գրված է նաև  կոալիցիոն համաձայանգրում:

Ռեյտինգային ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան փակ կուսակցկան ցուցակով քվեարկությունը՝ սա իշխող կուսակցության ներկայացուցչի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի  դիտարկումն է: Նրա խոսքով ՝չկա որևէ լուրջ փաստարկ, թե ինչով է վնասել ընտրություններին ռեյտինգային ընտրակարգը:


Շարմազանովը չի կարծում, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի տարաձայնությունն այս հարցում կարող է կոալիցիոն համաձայնությունների խարխլման պատճառ դառնալ:

Գործող  ընտրական օրենսգրքի  համաձայն` խորհրդարանի 101 պատգամավորներն ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով` կուսակցական և տարածքային ցուցակներով: Հայաստանն ապրիլի 2-ի ընտրություններից առաջ  բաժանվեց 13 ընտրական տարածքի, որոնցից յուրաքանչյուրում ընտրություններին մասնակից ամեն  կուսակցություն ուներ իր տարածքային ցուցակը: Արդյունքում,  քաղաքական ուժերի ստացած մանդատները բաժանվեցին երկու հավասար մասի. մանդատների կեսը ստացան  համամասնական, մյուս կեսը՝ ռեյտինգային թեկնածուները:

Սա այն նորարարությունն էր, որի թերությունները նկատվեցին ավելի շատ ընտրություններից հետո, քան դրանցից առաջ:  Ռեյտինգային ընտրակարգը փորձագետներից շատերը  ու նաև քաղաքական որոշ ուժեր միանգամից  թաքնված մեծամասնական ընտրակարգ անվանեցին՝ նշելով, որ եթե նախկինում մեծամասնական հատվածը խորհրդարանում ընդհանուրի  ընդամնեը  30 տոկոսն էր, ապա հիմա արդեն ուղիղ կեսն է:

Ռեյտինգայինից հրաժարվել նախագծի հեղինակներից մեկը Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

«Մենք առաջարկեում  ենք հրաժարվել ռեյտինգային կոչվող համակարգից և անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի: Հենց ռեյտինգայինն էր հիմնական պրոբլեմը, որ ընտրություններն ըստ էության քաղաքական դաշտից գլորվեցին ապաքաղաքական և առքուվաճառքի դաշտ»:

Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելիս  ռեյտինգային թեկնածուների ստացած ձայների քանակը հետաքրքիր զուգահեռների առիթ տվեց: Նրանցից մոտ 10-ն  ավելի շատ քվե  էր ստացել, քան ընտրություններին մասնակցող առանձին կուսակցություններ:

Ընդհանուր առմամբ  բոլոր 13 ընտրատարածքներում ամենաշատ ձայն հավաքած տարածքային  թեկնածուները միասին ՀՀԿ-ի համար ապահովել էին  մոտ 350 հազար ձայն, այսինքն՝ կուսակացության ստացած քվեների համարյա կեսը: Ծառուկյան դաշինքում տարածքային թեկնածուների կշիռը կուսակցության ընդահնուր ձայների մոտ 1/3-ն էր:

Back to top button