Շների խնդիրը կամ «Դինգո թիմ»-ն ընդդեմ «Յունիգրաֆ իքս»-ի


Թափառող կենդանիների հարցով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության հասցեին շարունակում են մեղադրանքներ հնչել:
Քաղաքային բյուջեից հատկացվող գումարները չեն ծախսվում նպատակային, իսկ շների ոհմակներն անհանգստացնում են մեր համաքաղաքացիներին:
Ընկերությունից պատասխանել են հնչող մեղադանքներին։
Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը չունի ընտանի կենդանիների պաշտպանության մասին օրենք: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ»- ը և՛ նախագիծ է ներկայացրել, և՛ բողոքի ակցիաներ կազմակերպել, սակայն ապարդյուն: Վարչապետին ուղղված վերջին նամակն անգամ անպատասխան է մնացել՝ նշում է հասարակական կազմակերպության նախագահ Օվսաննա Հովսեփյանը:
«Բացարձակ բարձիթողի վիճակ է, և պատկան մարմինները բացարձակ հակված չեն այդ հարցը որևէ կերպ լուծելու և թափառող կենդանիների հարցը դարձել է պետական բյուջեից գումար լվանալու միջոց»:
Քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի հաղթող «Յունիգրաֆ իքս» ընկերությունը հերքում է մեղադրանքները։ Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը «Ռադիոլուր»-ին ներկայացրեց վերջին երկու տարիներին քաղաքային բյուջեից հատկացված 110 միլիոն դրամի ծախսերը:
«2017 թվականին ընկերությունը ստերիլիզացրել է մոտ 4000 (4068) թափառող կենդանի, իսկ մոտ 1000 (10201) կենդանի վնասազերծել: Այս տարվա հունվարին ստերիլիզացրել է մոտ 160 (162) թափառող կենդանի, վնասազերծել՝ մոտ 900-ի (967): Մեր աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում էապես նվազել են թափառող կենդանիները, դրան զուգահեռ էլ նվազել են բողոքները: Վնասազերծում և ստերջացում: Երկու մեթոդներով իրակացաման արդյուքնում մեր մայրաքաղաքում ունենք բավականին լավ արդյունքներ»:
Ոհմակն իրենից վտանգ է ներկայացնում զուգավորման շրջանում ձագերին ու էգերին պաշտպանելու դեպքում: Խնդիրը կլուծվի, եթե շներին զանգվածաբար ստերջացնեն՝ ասում է «Դինգո թիմ»- ի նախագահ Օվսաննա Հովսեփյանը։ Հենց ստերջացված շները կարող են խանգարել ոհմակներն կազմելուն՝ ասում է։
Կազմակերպության անդամները հավաստիացնում են, որ նվիրատուների աջակցությամբ իրենք են կատարում թափառող շների ստերջացում: «Յունիգրաֆը» շներին քնեցնում է լիդոկայինի ներարկմամբ, որ տանջում է կենդանիներին՝ նշեց «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը:
«Յունիգրաֆից» հերքում են մեղադրանքները։ Ապացույցներ ունենալու դեպքում՝ «Դինգո թիմը» վաղուց կդիմեր դատարան՝ ասում են: