Վերլուծական

Ալիևի՝«Երևանն Ադրբեջանի պատմական հողն է» արտահայտությունը ծաղրանքի է արժանացել իր իսկ երկրում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը համընկավ Ալիևի հերթական հայտարարության հետ: Նախատեսվածից վեց ամիս շուտ նախագահական արտահերթ ընտրություններ կազմակերպելուց հետո Ալիեւն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավը, որտեղ, կարծես, կրկին հիմնական թեման լինելու է հակահայկականությունը։

«Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ալիևը ոգեւորված հայտարարել է, թե իբր Երևանն Ադրբեջանի պատմական հողն է, և պետք է այն վերադարձնել ադրբեջանցիներին: Հայաստանի ԱԳ նախարարության արձագանքը կտրուկ էր, «զվարճալի հայտարարություն» բնութագրով։

«Նույնիսկ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում Ալիևի այդ խոսքերին: Եթե հետևենք երկրի երիտասարդության արձագանքին, ապա հստակ է, որ նրանք ծաղրում են, ասելով թե Ղարաբաղի հարցը չի կարողանում լուծել, ուր մնաց, թե Երևանից ու Զանգեզուրից է խոսում: Ընդհամենր 100 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզին հայտնված Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ նորություն չեն: Բաքվի ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են հնչեցրել նման հայտարարություններ, իսկ իրեն նվիրված երեկվա հանդիպմանը նրա նկրտումները, եթե համալրենք Ադրբեջանի ղեկավարի և այլ պաշտոնյաների հայտարարությունների հետ, թե աշխարհի հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամիներն  են, ապա հստակ է ցույց է տալիս, թե ինչքան ոչ ադեկտված ու ռասիստ է Բաքվի ռեժիմը»,- ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն է ասում:

Ալիևի հայտարարության վրաուշադրություն է հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով ՄԽ համանախագահներին։ Բաքվից հնչող վերջին հայտարարությունները ևս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, այն նաև ցույց է տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։

Համանախագահներն էլ նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները: Կարևորվել է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանրապետության նախագահին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի մասին։ Թե ինչ ծրագրեր են դրանք՝ առայժմ հայտնի չեն։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Արմեն Աշոտյանը, որը «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հետ այսօր հանդիպել էր ՄԽ համանախագահների հետ Ալիեւի հայտարարությունը ոչ ադեկվատ է գնահատում:

Իսկ ահա Մանե Թանդիլյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ՄԽ համանախագահների հետ իրենց հանդիպումը պայմանավորված էր Աշոտյանի եւ իր Բաքու այցով:

Ալիևի վաղաժամ նախագահական ընտրություններ կազմակերպելու քայլը նա պայմանավորեց ընդդիմադիր ձայները լռեցնելու հանգամանքով։

Back to top button