ԿարևորՀասարակություն

«Զվարթնոցի» հին շենքը նոր մաստեր-պլանում տեղ չունի

Հերթական անգամ հասարակության քննարկման կենտրոնում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման հարցն է: Քանդմանը դեմ արտահայտվողներն առաջարկում են լուծումները՝ շենքը փրկելու համար, մյուս կողմից պատասխան հաճախ չի էլ լինում:

«Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը, մտավախություն ունի, որ Էռնեկյանն ու իր թիմը նպատակ ունեն բիզնես ծրագիր իրականացնել։

Քանի որ կա երկու օդանավակայան, մեկը պետք է քանդել, որպեսզի մյուսի գինը բարձրանա՝ ենթադրում է տիկին Թարխանյանը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը:

«Զվարթնոց» օդանավակայանի շենքը հավատարմագրային կառավարման պայմանագրով է հանձնվել, ինչը ենթադրում է, որ տարիների ընթացքում շենքի վիճակը պետք է բարելավվեր, բայց փոխարենը մենք տեսնում ենք լքված մի շենք՝ ասում է «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը:

Հուշարձանի ֆիզիկական վիճակը պատճառ չէ շենքը քանդելու համար՝ շեշտում է:

Իհարկե, չշահագործվող կառույցն ունի վերանորոգման կարիք, բայց խոսքը կոսմետիկ վերանորոգման մասին է՝ վստահ են զրուցակիցներս:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը կարծում է, որ ծածկույթը գտնվում է վատ վիճակում: Ներկայիս կառամատույցի ծածկույթը վերանորոգվել է 1985թ.-ին:

Տիկին Թարխանյանը վրդովվում է, անընդհատ խնդրում են  Էռնեկյանին, որ նրա ճարտարապետական արվեստանոցը մեր մասնագետների հետ փոխհամաձայնության գա, բայց նրանք ամեն անգամ գալիս են, դնում նույն պայմանը՝ պետք է անպայման քանդվի։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «e-draft.am» կայքում տեղադրվել է մաստեր պլանի ամբողջական հավելվածը, որտեղ ներկայացված է իրականացվելիք աշխատանքների նկարագրությունը: Ըստ դրանց՝ «Զվարթնոց» օդանավակայանի շենքը պետք է քանդվի, հին շենքից կմնա միայն աշտարակը։

Back to top button