Հասարակություն

Ինչ ճակատագիր է սպասում Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին

Դեռ մեկ տարի առաջ Ֆիրդուսի շուկայով  քայլել ուղղակի անհնար էր, ասեղ գցելու տեղ չկար։ Շուկայում վաճառվող ապրանքը համեմատաբար մատչելի էր այլ շուկաներից, ուստի  շատերն էին նախընտրում գնումներ կատարել հենց այս շուկայից։ Սակայն 2017 թվականի հուլիսի 19-ին այստեղ բերվեց  շինտեխնիկա, քանդվեց  շուկայի ծածկը ու տարածքից  հեռացվեցին  առևտրականները։

Եթե նախկինում անհնար էր տեսնել փողոցն ու պատկերացում կազմել, որ տարածքում շենքեր ու բնակիչներ կան, ապա հիմա այդ ամենը տեսանելի է։ Հիմա երբեմնի մարդաշատ Ֆիրրդուսից մնացել են կողպված դռներ ու քիչ թվով բնակիչներ։

«Ռադիոլուրի» այցելության  պահին բնակիչները նարդի էին խաղում, ոմանք էլ՝ թղթախաղ։

Դեռ  2007 թ կառավարությունը այս տարածքը գերակա հանրային շահ էր ճանաչել. Ավելի քան 5 հա տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է 85 մ տրամագծով կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ կառուցել:

Իսկ անցած տարի, երբ շուկան քանդվեց, նախատեսվում էր, որ արդեն շինարարական  աշխատանքները պետք  է սկսեին։ Պարզվեց՝ բնակիչներից շատերը  ներդրողների հետ դեռևս պայմանագիր չեն կնքել։ Մի քանի խնդրահարույց հարցեր կան։ Լսենք տարածքի բնակիչ Անահիտ Փխրիկյանին, ում պապը այստեղ է հաստատվել 100  տարի առաջ:

Բնակիչներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ չի պատրաստվում լռել:

«Ռադիոլուրը» փորձեց պարզաբանումներ ստանալ Երևանի քաղաքապետարանից՝ եթե շինարարությունը չէր սկսվելու, ապա  ինչու մեկ տարի առաջ շուկան քանդվեց:  Երևանի քաղաքապետարանի հասարականության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ իրենց գործառույթը վաղուց ավարտվել է, նրանց պարտավորությունն էր շուկան քանդել ու տարածքը տրամադրել Քաղաքաշինության պետական կոմիտեին:

Նույն հարցերը ուղղեցինք Քաղպետկոմին։ Այստեղից էլ հայտնեցին, որ իրացման պատասխանատուն իրենք չեն, այլ Երեւանի քաղաքապետարանը։ Կոմիտեի լրատվություն վարչության պետ Անահիտ Եսայան.

Ի վերջո՝ ով էր այս ամենի պատասխանատուն, ով կարող էր մեր  որոշ հարցերին  պարզաբանումներ տալ։ Պատասխանները փնտրեցինք կառավարությունում։ Վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանին  փոխանցեցինք բնակիչների  դժգոհությունները։ Մասնավորապես՝ տարածքը գնահատվել է  շուկայականից ցածր գնով՝ մոտ 650 դոլարին  համարժեք դրամ 1 քառ/մ դիմաց։ Ավելին՝ ներդրողը հողի համար վճարում է, տան համար՝ ոչ։

Հայկ Դավթյանը նշեց, որ բողոքներն այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում, բնակիչները երևակայական  հաշվարկներ են անում։ Ըստ նրա՝ այսօրվա  շուկայական  գինը 500 դոլարին համարժեք դրամ է, փոխհատուցման գումարը դրամից ավելի բարձր է:

Բնակիչները, սակայն, փաստում են, որ քչերն են թողել իրենց բնակարաններն ու գնացել, որովհետեւ զզվել են ստեղծված վիճակից։ Հայկ Դավթյանը նշում է, որ  բնակիչներից շատերը շատ լավ գիտակցում են, որ դատական կարգով վիճարկելու դեպքում, ըստ օրենքի, նրանց տրվող գումարն ավելի քիչ է լինելու, քան այսօր կառուցապատողն է տալիս:

Ֆիրդուսի թաղամասի տարածքը հատկացվել է «Սիթի սենթեր դևելոփմենթ» ընկերությանը:

Back to top button