Քաղաքական

Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամկետն առաջ բերելը կապված է ներկլանային հարաբերությունների հետ․ Շ․ Քոչարյան

Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամկետն առաջ բերելու քայլը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կապում է ներկլանային հարաբերությունների հետ: Այդ մասին Քոչարյանը նշել է կառավարության նիստից հետո՝ պատասխանելով հարցին, թե այդ քայլից հետո, արդյոք, սպասո՞ւմ է բանակցությունների ակտիվացում ղարաբաղյան հակամարտության շուրջ:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները: Դրանց արդյունքները կանխորոշված են, գիտենք ինչպես են այնտեղ ընտրությունները կազմակերպվում, այնպես որ, ես ընտրությունների ժամկետն առաջ բերելը կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ: Իհարկե, հաշվի են առնվում նաև արտաքին գործոնները, և եթե կա իշխանության համար ներքին պայքար, ապա ցանկացած տեղեկատվություն այն մասին, որ այդ ներքին պայքարում հակառակ կողմը կարող է ունենալ որոշակի աջակցություն այլ պետությունների կողմից: Բնական է, դա էլ իր ազդեցությունն է թողնում»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Անդրադառմալով Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին՝ փոխարտգործնախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ մեկ բան կարող են ասել՝  համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն՝ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, իսկ դրա համար պետք է համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել:

«Այդ առումով այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել՝ հակառակորդի համաձայնությունը՝ մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակն ավելացնելու մասին: Բայց այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

Back to top button