ԿարևորՔաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ փետրվարի 8-ին, ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Համանախագահները տեղեկացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների մասին։

Հայաստանի արտգործնախարարն ու համանախագահները քննարկել են հունվարին Կրակովում  կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային համաձայնության հետ կապված հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը եռանախագահների ուշադրությունը հրավիրել է, որ ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի, Բաքուն այդպես էլ մինչ օրս որեւէ հայտարարություն չի արել այդ համաձայնության վերաբերյալ եւ թե երբ է պատրաստ այն իրականացնել։  «Տարօրինակ հիշողություն ունեն Բաքվում. խճճվելով իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում՝ մոռացության են տալիս մեկ ամիս եւ դրանից առաջ ձեռք բերված համաձայնությունները, որոնց մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, բայց միեւնույն ժամանակ գլխիվայր մեկնաբանություններով վերհիշում են քսանհինգ տարվա վաղեմության այն փաստաթղթերը, որոնց եռանախագահները հայտնի պատճառներով նույնիսկ հղում չեն անում»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը։

Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնելով երեկ շփման գծում ադրբեջական կողմից զինադադարի կոպտագույն խախտման հետեւանքով հայ զինվորի սպանությունը, ընդգծել է, որ Բաքվին՝ իրեն բնորոշ սադրիչ գործողություններից հետ չի պահում նույնիսիկ եռանախագահների ներկայությունը տարաշրջանում. դրանով իսկ Ադրբեջանը ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ։

Անդրադառնալով Բաքվից հնչող մեկնաբանություններին՝ թե իբր Ադրբեջանը  հետաքրքված է ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորմամբ՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ խոսքերը հարկավոր է ամրապնդել գործերով, իրականացնել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդունել որպես բանակցությունների հիմք՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահների առաջարկությունները եւ առաջ շարժվել դրա հիման վրա։

Back to top button