Տնտեսական

Թեղուտի շահագործման կասեցումը բնապահպանակա՞ն, թե՞ ֆինանսական պատճառներ ունի

Շուրջ 1200  աշխատատեղ ու շահագործման ողջ փուլում բնապահպանական անհանգստություն:  Թեղուտի հանքավայրի  շահագործման շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Հանքավայրը շահագործող ընկերության՝ աշխատանքները դադարեցնելու մասին հաղորդագրությունը մտահոգել է նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին. «Վալլեքս գրուպը» մարզի ամենամեծ ընկերությունն է:

«Վալլեքս գրուպ» ընկերությունը դադարեցնում է հանքավայրի շահագործումը: Հաղորդագրությունն արդեն մի քանի օր է, ինչ տեղադրված է ընկերության պաշտոնական կայքէջում:

«Ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։ Տևական կանգառի պայմաններում Ընկերությունը, ցավոք, չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան վաստակով՝ նախկին ծավալներով»:

Շուրջ 1200 աշխատատեղ ունեցող ընկերությունը շահագործման  ողջ փուլում  գտնվում էր բնապահպանների ու միջազգային կառույցների   ուշադրության կենտրոնում: Արդյունքում՝ դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» և PenslonDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը ըստ էության դադարեցրեցին եղուտը շահագործող «Վալեքս» խմբի  ֆինանսավորումը:

Պատճառը բնապահպանական ռիսկերն էին, որ հայտնաբերվել էին: Եվ ահա,  ընկերության՝ օրերս տարածած հաղորդագրության մեջ ֆինանսական խնդիրների մասին է բարձրաձայնվում.

«Ավելին, չունենալով դրամական միջոցների այնպիսի աղբյուր, ինչպիսին թողարկվող արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն են, Ընկերությունը ստիպված կայացրել է դժվարին, սակայն ներկա պայմաններում միակ հնարավոր որոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը»։

Այն, որ ընկերությունը տևական ժամանակ է, ինչ չի աշխատում, փաստում են նաև «Ռադիոլուրի» զրուցակիցները՝ Թեղուտ համայնքի բնակիչները: Գործարանի արդեն  նախկին աշխատակիցները, ի դեպ, հրաժարվում են մեկնաբանություններից:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի ամենամեծ ընկերության հայտարարությունը մտահոգիչ է համարում: Նաև նշում է՝ վերջնական դիտարկում դեռ չկա:

Ընկերության՝ հունվարի   վերջին տարածած հաղորդագրության համաձայն,  Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման մեկնարկից մինչ օրս հատվել է մոտ 225 (223.2) հեկտար անտառ, տնկվել` 562 հեկտար անտառ, որից  31 հա-ը՝ այգետունկի ծրագրի շրջանակում: Տնկված անտառի միջին կպչողականությունը 2017թ. աշնանային գույքագրման տվյալներով միջինը կազմել է 61%:  Անտառպատման աշխատանքներն իրականացվել են Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Օձուն, Լեռնահովիտ, Արջուտ համայնքների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության հողերում:

Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանից այսօր հետաքրքրվեցինք, ինչ աշխատանքներ է այս փուլում իրականացնում գերատեսչությունը՝ Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով առաջացած բնապահպանական ռիսկերը բացահայտելու նպատակով:

Բնապահպանության փոխնախարարը նաև փոխանցեց, որ ընկերությունը անտառահատման ու մյուս մասերով համապատասխան փաստաթղթեր գոյություն ունեն,  հաշվետվություններ են ներկայացվել:

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017թ-ի երրորդ եռամսյակի տեղեկանքի համաձայն` Դեբեդ և Շնող գետերը, որոնցով ոռոգում են իրականացնում Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները, ունեն աղտոտվածության ամենաբարձր՝ 5-րդ աստիճանը: Ծանր մետաղներից Դեբեդում բարձր է եղել մոլիբդենը և երկաթը:

Back to top button