Մշակույթ

Իրանական մշակույթը Երևանում նաև տիկնիկների տեսքով


Իրանական մշակույթը Երևանում նաև տիկնիկների տեսքով. Դարան ու Սարան  արդեն Տիկնիկների պատկերասրահում են:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար  Հոսեյն Շիրխանին այսօր Երևանի տիկնիկների պատկերասրահին է նվիրել իրանական մշակույթը ներկայացնող երկու տիկնիկներ՝ խոստանալով, որ առաջիկայում երկուսին կմինան ևս 8-ը:

Իրանի դեսպանատան ներկայացուցչի համոզմամբ, այսպիսով Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների համար Երևանում ևս մեկ «գայթակղիչ» հասցե է ստեղծվում:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար  Հոսեյն Շիրխանին այսօր Երևանի տիկնիկների պատկերասրահում էր՝ ոչ միայն հյուրի, այլև նվիրատուի կարգավիճակով:

Իրանի դեսպանատան ներկայացուցչի՝ Պատկերասրահին նվիրած Դարան և Սարան (իրանական ամենահին անուններով աղջիկ և տղա) Իրանում հայտնի տիկնիկագործ Ֆարզանե Բաբայի  ստեղծած  աշխատանքների մոտիվներով  են:

«Տարիներ առաջ Ֆարզանե Բաբայը  նկատեց,  որ պարսիկ երեխաները խաղում են հիմնականում եվրոպական ու ամերիկյան արտաքին ունեցող տիկնիկներով, ինչը չէր համապատասխանում նրանց առօրյա կյանքին ու պատկերացումներին: Պատկերացրեք՝ ամերիկյան Բարբի տիկնիկը պարսկական գյուղում: Հավանաբար ինքն էլ իրեն հարմար չէր զգում այդ միջավայրում»:

Պարսիկ տիկնիկագործը որոշում է՝  ստեղծել ազգային տիկնիկներ, որոնք երեխաներին հնարավորություն կտային ծանոթանալու իրենց մշակույթին, տարազին, սովորույթներին…»:

Հոսեյն Շիրխանիի տեղեկացմամբ,  շուրջ 25 տարի առաջ Իրանում հենց այսպես էլ «ծնվեցին» Դարան ու Սարան: Նույն անուններով ստեղծվող տղաներն ու աղջիկները ներկայացնում են Իրանի ամենատարբեր շրջանները՝ հագուկապով, դիմագծերով, անգամ՝ խառնվածքով: Պատկերասրահին նվիրած երկու տիկնիկները Իրանում ապրող քրդերի պատկերով են:

Ինչո՞վ հետաքրքրեց Ձեզ Երևանի Տիկնիկների պակերասրահը, հարցին Հոսեյն Շիրխանին արձագանքեց.

«Անկեղծ ասած, շատ պատահական ստացվեց: Մեր ընկերներից մեկն ասաց, որ Երևանում նման ցուցասրահ է բացվել: Մեզ շատ հետաքրքրեց գաղափարը, որովհետև այստեղ և՛ ազգային մշակույթն է, և՛ տարազը, և՛ մարդկանց ապրելակերպը…

Քանի որ Իրանում ևս զարգացած է տիկնիկագործությունը, մտածեցինք, որ սա կարող է լինել այս ոլորտում համագործակցելու առաջին քայլը»:

Առաջինին հաջորդելիք համագործակցության հետագա  քայլերն ուրվագծվեցին՝ Պատկերասրահի տնօրինության ու Իրանի դեսպանատան ներկայացուցչի պայմանավորվածությամբ. փոխադարձ այցելություններ, ցուցադրություններ Հայաստանում և Իրանում: Հանդիպմանը ներկա հայ տիկնիկագործներն էլ  երկու երկրներում ցուցահանդես-վաճառք կազմակերպելու  առաջարկությամբ հանդես եկան:

«Հայաստանն ու Իրանը հրաշալի համագործակցում են տնտեսական ու քաղաքական ոլորտներում, և այդ համագործակցության հիմքում, իհարկե, մշակույթն է, մշակութային ընդհանրությունները»,-ասաց դեսպանատան ներկայացուցիչը:

Հոսեյն Շիրխանիի համոզմամբ, անհրաժեշտ են ավելի շատ քայլեր՝ միմյանց մշակույթը բացահայտելու, այն ներկայացնելու ուղղությամբ: Երևանի տիկնիկների պատկերասրահում հանգրվանած իրանցի տիկնիկները, որոնց հետագայում կմիանան ևս ութը, դեսպանատան պաշտոնյայի  խոսքով,  դեպի Պատկերասրահ կձգեն Հայաստան այցելող իրանցի հազարավոր զբոսաշրջիկներին: Այսպիսով, ստեղծվում է Երևանյան ևս մեկ «գայթակղիչ» հասցե իրանցիների համար:

Back to top button