ԿարևորՀասարակություն

Աֆրինում ապրող վերջին հայը

Թուրքալեզու Mezopotamyaajansi.com քրդական լրատվական գործակալությունն անդրադարձել է Աֆրինում մնացած վերջին հայի` Հարութ Գևորգի պատմությանը, որը նաև Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի հետնորդներից է, հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն` արդեն 19 օր է, ինչ շարունակվում է Աֆրինի գործողությունը: Այստեղ մնացած միակ հայը` Հարութ Գևորգը, այս գործողության հետևանքով վերստին հիշում է Մեծ եղեռնը: 61 տարեկան Հարութ Գևորգի ընտանիքը Ցեղասպանությունից հետո տեղափոխվել է նախ Էզազ, ապա` Հալեպ: 50 տարի առաջ Աֆրին փոխադրված Գևորգը մասնագիտությամբ դարբին է: Նա 4 զավակ ունի:

Հարութ Գևորգը գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Ես Այնթափի հայերից եմ: 1915 թ. ենք այնտեղից աքսորվել: Ցեղասպանության ժամանակ եկանք Հալեպ, ավելի ուշ տեղափոխվեցինք Աֆրին: Ինձ հետ բազմաթիվ հայ ընտանիքներ կային: Նրանց մեծ մասը զոհվեց, մի մասն էլ պատերազմի հետևանքով արտագաղթեց: Աֆրինում միայն ես եմ մնացել: Այստեղ բնակվող մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին տեր ենք կանգնում մեր քաղաքին: Թուրքիան 100 տարի է, ինչ շարունակում է իր հարձակումները: Ինչպես որ այն ժամանակ է կանանց ու երեխաներին սպանում, հիմա էլ է նույն բանն անում: Ցեղասպանությունը մի դար հետո վերստին գտավ մեզ»:

Գևորգը Թուրքիայից պահանջելով վերջ տալ այդ հարձակումներին` նաև ընդգծել է, որ Աֆրինը միակ քաղաքն էր, որ պատերազմ չէր տեսել, և հավելել է. «Այլևս հերի՛ք է: Արյուն մի՛ հեղեք: Մարդկանց վրա մի՛ հարձակվեք: Աֆրինը Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր: Ինչո՞ւ եք ձգտում ավիրել մարդկանց ապաստարանը դարձած այս քաղաքը»:

Հարցազրույցի վերջում Գևորգը նաև մի քանի խոսք է ասել իր մայրենիով` հայերենով, ապա նշել. «Մենք մեր հայրենի տնից-տեղից աքսորվեցինք Թուրքիայում: Եկանք այստեղ: Հիմա ջանում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս պատերազմն ու հարձակումները դադարեցվեն: Թող բոլորը անսան մեր ձայնը: Մեր կոչն ուղղված է աշխարհի բոլոր ժողովուրդներին»:

Թարգմանեց Մելինե Անումյանը

Back to top button