Տնտեսական

Տաք ձմեռը՝ խնդիր գյուղատնտեսության համար


Տաք ձմեռը դրական է ազդում Վեդու ջրամբարի շինարարության վրա: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի խոսքով, այն կավարտվի նախանշված ժամկետից վեց ամիս շուտ՝ 2020 թ դեկտեմբերին:

2017 թ սակավաջուր, ուստի և ծանր տարի էր, այսօր հայտարարել է Հարությունյանը: Նա նշել է, որ այս պահին էլ ոռոգման համակարգում խնդիրներ  ուրվագծվում են:

 

Տաք ձմեռը՝  խնդիր գյուղատնտեսության համար: Խնդիրները հին են ու արդիական Հայաստանի գրեթե բոլոր գյուղացիների համար: Նրանք տարիներ շարունակ նույն խնդրից են բողոքում՝ «ոռոգման ջուր չկա»:

2017-ի խիստ  ու ձնառատ ձմեռն էլ իրավիճակը չփրկեց: Ոռոգման խնդիրները մեղմելու համար ապավինեցինք կրկին Սևանին՝ ոռոգման նպատակով  լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելով: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն առայժմ զերծ է մնում ուղիղ  հայտարարություններից, սակայն ընդգծում է՝ այս պահի տվյալներով, ոռոգումը կրկին խնդիր է:

Նախանշված ցուցիչից ցածր է նաև  ջրամբարների լցվածության մակարդակը: Ոռոգման ջրի խնդիրը փոքր ինչ կարգավորելու համար այս տարի Արմավիրի մարզում  կվերադառնան նախկինին՝ կապավինեն խորքային հորերին: 14 խորքային հոր կվերականգնեն, ևս 23-ը կհորատեն:

Արսեն Հարությունյանին փոխանցում եմ  2014 թ միջազգային ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ Արարատյան դաշտում ջրային ռեսուրսները նվազել են: Նոր  հետազոտություն, թե ինչ եղան ջրերը, իրենք չէ, որ պետք է կատարեն՝ ասում է Ջրպետկոմի նախագահը:

«Ռադիոլուրի» զրուցակիցը՝ ջրային փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակի իր գնահատականն ունի:

Կառավարման խնդիրներից բացի, մասնագետը նաև ոռոգման ցանցի արդիականացման անհրաժեշտություն է տեսնում: Համապատասխան քայլեր չձեռնարկելով՝ պատերն ավելի տխուր կլինի՝ ասում է:

Զրուցակիցս հիշեցնում է՝ գերնորմատիվային հողեր ունեցող  բնակավայրեր կան: Սրանք այն հողերն են, որոնց ոռոգման համար գյուղացիները մի քանի անգամ ավելի շատ են ջուր ծախսում: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հստակեցնում է՝ 70 համայնք ու   21 հազար հա հող:

Հաշվարկել են ու  ծախսած ավելի ջրի գումարը շուրջ   800 մլն դրամ վերադարձրել են: Պաշտոնյայի փոխանցմամբ, 2019թ կավարտվեն  նաև  Արփա- Սևան թունելի շինարարական աշխատանքները:

Back to top button