Տնտեսական

7% տնտեսական աճն ու աճող աղքատությունը

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն ավելի քան հուսադրող են՝ մոտ յոթ տոկոս տնտեսական աճ՝ 2017թ: Դրանից, սակայն, աղքատությունը չկրճատվեց, մարդկանց գնողունակությունն էլ  չբարձրացավ: Սա տնտեսագետների  մի մասի  գնահատականն է:

Նրանք կարևորում են պատասխանատվության ինստիտուտի ներդրումը: Իշխող քաղաքական ուժում խոստանում են՝ 2018թ ապրիլից  հետո   խորհրդարանական կառավարման համակարգում   պատասխանատվության կենթարկվեն  կառավարության վատ աշխատող անդամները:

Կոալիցիոն  գործընկեր  ՀՅԴ-ում,  Հայաստանի վարչապետ  Կարեն  Կարապետյանի կառավարության իրականացնող   քաղաքականությունը ճիշտ են համարում: Սակայն, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար  Գագիկ Մելիքյանի խոսքով, իրենց մոտ դեռ չի քննարկվել այն հարցը, թե՞ կմնա Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում, թե՞ ոչ:

2017 թ Հայաստանի տնտեսությունը փակեց  վերջին տարիների համար աննախադեպ տնտեսական  աճով՝ 2016-ին գրանցված զրոյական աճի դիմաց: ԱԺ  ՀՀԿ  խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան.

«Անցյալ տարի  7,7 տոկոս ՀՆԱ-ի աճ արձանագրեցինք, ՏԱՑ 12 տոկոս: Սա կարևորում են, սրան հասնելը այնքան էլ հեշտ չէր: Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն էր, որն ապահովեց  նման  ցուցանիշ»:

«Ավելի լավ տնտեսական պայմաններ ունեցող  երկրները  ավելի ցածր տնտեսական աճ ապահովեցին»,- ասում է: 

ՀՀԿ-ի  կոալիցիոն գործընկեր Հայ  հեղափոխական դաշնակցության Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը տնտեսական ցուցանիշից գոհ է՝ այն  խոստացված հինգ տոկոսից ավելին է, սակայն ներառական աճ չարձանագրվեց. «Աղքատության կրճատում, եկամուտների բևեռացվածության նվազում»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Հայաստանի տնտեսությունում  դրական տեղաշարժեր տեսնում է՝ ստվերի կրճատում, կառավարման որակի բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար  ու անհավասար մրցակցության սահմանափակում: Նշված բոլոր  ուղղություններում էլ  աշխատանքները նկատելի են, միաժամանակ ընդգծում է՝

«Անհավասար մրցակցություն  հիմա էլ կա»:

Փորձագետները վստահեցնում են՝ ներառական աճ ունենալու համար ժամանակ է պետք, անգամ՝ տարիներ: Այդուհանդերձ, ՀԳՄՆ Գագիկ Մակարյանը չի բացառում, որ 2017-ի վերջնական  արդյունքները ամփոփելիս  մոտ երկու տոկոսով գուցե գործազրկության մակարդակի նվազում արձանագրվի: Սակայն Հայաստանն ունի սոցիալական ապահովության ամենացածր ցուցանիշը տարածաշրջանում։ Գագիկ Մակարյանը կարևորում է պատասխանատվության ինստիտուտի ներդրումը:

«Վատ աշխատող նախարարներին պատասխանատվության ենթարկել»:

Կոալիցիոն գործընկերները միասին ընդգծում են՝  2018թ ապրիլից  հետո կառավարության անդամները պետք է հասկանան, որ իրենք են պատասխանատվություն կրելու իրենց արարքների համար: Խորհրդարանական կառավարման համակարգում օրենսդիր մարմնում  իշխող ուժը պատասխանատվության կկանչի կառավարության վատ աշխատող  անդամներին:

Back to top button