Տնտեսական

Հայաստանը միանում է ՏՐԱՍԵԿԱ-ի մուլտիմոդալ փոխադրումների ծրագրին

Երկաթգիծ, ծով եւ ավտոճանապարհ՝ այս տարբերակներից նվազագույնը երկուսի օգտագործմամբ իրականացվող բեռնափոխադրումները կոչվում են մուլտիմոդալ:

Թեեւ չունենք ծով եւ հայկական երկաթգիծն էլ, մեղմ ասած, կիրառելի չէ, բայց Հայաստանը միանում է ՏՐԱՍԵԿԱ-ի մուլտիմոդալ փոխադրումների ծրագրին:

Հայաստանում համոզված են՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության եւ շրջափակման առկայության դեպքում աշխարհին հետաքրքրող առաջարկ ունենք:

Եվրոպան եւ Ասիան միացնելու ու տարանցիկ տարածք դառնալու ծրագիրը մշտապես հետաքրքրել է Հայաստանին: Այդպիսի մի նոր համաձայնագիր վավերացվելու է ԱԺ վաղը մեկնարկող լիագումար նիստում:

Տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը Հայաստանի համար իրատեսական է դառնում Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների չեղարկումից հետո՝ ասում է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը:

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը վերջին տարիներին Հայաստանում ամենաքննարկվող եւ հավակնոտ ծրագրերից ընդամենը մեկն է: Մինչ այդ՝ Հայաստանը մեծ հույսեր էր կապում ՏՐԱՍԵԿԱ-ի հետ: Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագիրը 1993-ին նախաձեռնել էր ԵՄ-ն, համաձայնագիրը կնքվեց 1998-ին: Հավակնությունները՝ հավակնություններ, բայց իրավիճակը ստիպում է իրատեսական լինել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին:

Ընդամենը մեկ տարի առաջ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերագործարկեցին այդ երկրները կապող երկաթգծի մի հատվածը: Բացի այդ՝ Իրանը Ադրբեջանի հետ ունի ե’ւ ցամաքային, ե’ւ ծովային սահմաններ: Ավելին, հյուսիսում չկա Վրաստան-Ռուսաստան խնդիրը, որը մեր ճանապարհի դեպքում առկա է: Մուլտիմոդալ փոխադրումների դեպքում առաջին հայացքից այս բոլոր պայմանները բարենպաստ են Ադրբեջանի համար, բայց տրանսպորտի փոխնախարարն ամեն դեպքում վստահ է՝ այս հարցում Հայաստանն ունի հակակշիռ եւ աշխարհին հետաքրքրելու առաջարկ:

Հարեւանների կողմից շրջափակումը ճեղքելու ցանկությունը հանգեցրել է նաեւ Հնդկաստանի հետ բանակցությունների, ասում է փոխնախարարը:

Տրանսպորտի փոխնախարարը խոստովանում է՝ այս ամենի հետ զուգահեռ հայկական կողմն ունի նաեւ մեկ այլ՝ Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապելու նախաձեռնություն:

Նոր շրջանակային համաձայնագրի մասնակիցներն են Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան եւ Հունաստանը: Սակայն այս ամենը դեռ ծրագրեր են, իսկ իրականությունն այն է, որ շրջափակումը դեռեւս մեծ խոչընդոտ է գործարարների համար:

Back to top button