Միջազգային

Թուրքիայի նախագահի պատմական այցը Վատիկան


Երկօրյա այցով Իտալիայում է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, Վատիկանում այսօր նրան ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:


Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ, սակայն քննարկումներն անցել են դռնփակ՝ առանց լրագրողների ներկայության, այնպես որ շատ բան բանակցությունների մասին հայտնի չէ: Սակայն նվերը, որը Թուրքիայի նախագահին է նվիրել Կաթոլիկ եկեցեղու հովվապետը առավել քան խոսուն է. Ֆրանս-պրես գործակալությունը հայտնում է, որ 50 րոպե տևած հանդիպումից հետո Հռոմի պապը Թուրքիայի նախագահին նվիրել է կախազարդ, որում պատկերված է պատերազմի դևին հաղթող հրեշտակը: Սպանիր քո մեջ պատերազմի դևին, թերևս այս ակնկարկը կա Հռոմի Պապի խորհրդանշական նվերի տակ:

Ինչ վերաբերում է քննարկված հարցերին, ապա Վատիկանի մամուլի ծառայությունը մանրամասներ չի հայտնում, սակայն մինչ հանդիպումը թուրքական պաշտոնական շրջանակները նշել էին, որ երկու առաջնորդները մի շարք հարցեր են քննարկելու՝ երկկողմ համագործակցություն, Սիրիա, ահաբեկչության դեմ պայքար, կրոնին առնչվող հարցեր, սակայն օրակարգի գլխավոր հարցը Երուսաղեմի շուրջ վերջին զարգացումներն են։ Վատիկանի դիրքորոշումը այս հարցում հայտնի է, Հռոմի պապը բազմիցս արտահայտվել է, որ Երուսաղեմը պետք է լինի երեք կրոնների մայրաքաղաք: Ըստ ամենայնի չի շրջանցվի նաև Սիրիայում Անկարայի վերջին գործողությունների թեման:


Թուրքիայի նախագահի այցը Վատիկան  որակում են պատմական, քանի որ այն  վերջին վեց տասնամյակում Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է Վատիկան: Սակայն Հռոմի Պապն ու Էրդողանը արդեն հանդիպում անցկացրել են, 2014-ի նոյեմբերին Ֆրանցիսկոսը թուրքական կառավարության հրավերով այցելել է Թուրքիա, այնպես որ թուրքական պետության ղեկավարի այցն ինչ-որ իմաստով պատասխան է: Ի դեպ, Էրդողանի այցի բացառիկության վերաբերյալ իր դիտարկումներն ունի քաղաքագետ Մհեր Շահգելդյանը, ում հետ այսօր քննարկել ենք պատմական որակվող այս այցը: Ոչ թե պատմական, այլ PR այց, նշում է Շահգելդյանը:

Հայտնի է, որ վերջին շրջանում Թուրքիայի և Վատիկանի հարաբերությունները բավականին լարված էին, և պատճառը հայկական արմատներ ունի. այն բանից հետո, երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ցեղասպանություն որակեց Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին մեկուկես միլիոն հայերի կոտորածը։ Պաշտոնական Անկարան կոշտ քննադատել և դատապարտել էր Վատիկանի առաջնորդի հայտարարությունները, իսկ էրդողանը «զառանցանք» էր որակել դրանք և նախազգուշացրել Պապին՝ այլևս չկրկնել այդ սխալը: 2015 թվականին Անկարան, ի թիվս Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրների, նաև Վատիկանում իր դեսպանին ետ կանչեց։

Թուրքիայի նախագահի այցի օրակարգում է նաև հանդիպում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Ի դեպ, Էրդողանի այցը Վատիկան բացառիկ է մեկ այլ պատճառով. նրան կհսկեն 3500 իրավապահներ ու անվտանգության մարմինների աշխատակիցներ: Եվրոպայի քրդերը մտադիր են եղել անցկացնել բողոքի գործողություններ Հռոմի կետնրոնում և Վատիկանում՝ Սիրիայի քրդերի, մասնավորապես Աֆրինի գործողությունների դեմ, սակայն բացառությամբ ոչ մեկ բազմամարդ ակցիայի մյուս բոլոր բողոքի գործողությունները կանխվել են:

Back to top button