Հասարակություն

Դիլետանտ չեմ, որ քարը ներկեմ, հետո թափվի. Արամ Մանուկյանի արձանի շուրջ քննարկումները շարունակվում են

Հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանը թեժ կրքեր է բորբոքել:

Մասնագետների կարծիքներն իրարամերժ են: «Ռադիոլուր»-ը ստացել է նաև արձանի հեղինակ, քանդակագործ  Դավիթ Մինասյանի մեկնաբանությունը:

Պարզվում է՝ Արամ Մանուկյանի՝ վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած տեղադրվելիք արձանի էսքիզն այն տարբերակը չէ, որն ընտրել են մրցույթի հանձնաժողովի անդամները:

Քանդակագործ Դավիթ Մինասյանը մրցույթի առաջին փուլին չի մասնակցել: Երկրորդ փուլում հայտնվել են նոր մասնակիցներ՝ նոր աշխատանքներով: Հանձնաժողովում քանդակագործի աշխատանքը քննարկվել է, բայց ոչ այս մեկը՝ ասում է մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Փորձում է հիշել ու ներկայացնել մրցույթում իր տեսածի և հիմա արդեն քննարկվող էսքիզների տարբերությունները:

Հանձնաժողովի անդամների կողմից քվերակված տարբերակում էլ, ներկայացված տարբերակում էլ գաղափարը նույնն է եղել, մրցույթին ես գաղափարն եմ ներկայացրել «Ռադիոլուրին» ասաց արձանի էսքիզների հեղինակ Դավիթ Մինասյանը։

Գաղափարը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել: Իսկ քննարկվող ու քննադատվող օրինակը  աշխատանքային էսքիզներից մեկն է՝ պարզաբանում է հեղինակը:

Եռագույնը կներկվի՞, թե՞ կօգտագործվի գունավոր քար.

Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը շեշտում է՝ քաղաքի բնակիչը պետք է իմանա, թե իր մայրաքաղաքում ի՞նչ փոփոխություններ են սպասվում: Ասում է՝ ներկայացված տարբերակը վերջնական է: Արայիկ Հարությունյանն ունի նաև իր տեղեկությունները:

«Ունեմ տեղեկություններ, որ Լեւոն Իգիթյանը, ով նաեւ ավագանու անդամ է, շատ լուրջ լոբբինգ է արել այս ուղղությամբ, որպեսզի Դավիթ Մինասյանի էսքիզը հաղթող ճանաչվի, ունեմ նաեւ տեղեկություն, որ Լեւոն Իգիթյանը լինելու է այս քանդակի ճարտարապետը»:

Նկարիչ Սուրեն Խորենյանը շեշտում է՝ արձանի մասին պիտի մասնագետները խոսեն: Ամեն բան չէ, որ պիտի քննարկվի հասարակության շրջանում: Պատվիրատուն ու հեղինակը պիտի աշխատեն միասին, այս դեպքում՝ քաղաքապետարանն ու քանդակագործ Դավիթ Մինասյանը:

Ժողովուրդը միշտ չէ, որ իրավացի է եղել իր հասարակական կարծիքում: Ժամանակն է ցույց տվել՝ ասում է:

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված է մայրաքաղաքում Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու մասին հարցը: Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:

Back to top button