Սպորտ

Քաղցկեղը Հայաստանում շարունակում է ավելանալ. փետրվարի 4- ը դրա դեմ պայքարի համաշխարհային օրն է

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի  համաշխարհային օր:  Նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել մեծ տարածում ունեցող այս խնդրի վրա: Հայաստանում քաղցկեղի առումով պատկերը մտահոգիչ է բոլոր կողմերով՝ հնացած սարքեր, հիվանդների անվճարունակություն, բժշկին արդեն ամենաբարդ փուլում դիմելու ցավալի միտում: Եւ եթե աշխարհում աճում է հիվանդացությունը, մեզ մոտ աճում են թե հիվանդացությունը, թե մահացությունը:  

 

Հայաստանը շարունակում է աշխարհում քաղցկեղի մահացությամբ ամենաառաջատար դիրքերում լինել. ահազանգը բնապահպան Կարինե Դանիելյանինն է, ով մատնանշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենամյա հաշվարկները: «Անցյալ տարվա համար հրապարակեցին թվերը. Զիմբաբվեից հետո մենք երկրորդ տեղում ենք»:

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես դրա մասին չի հայտարարում, սակայն հենց պաշտոնական թվերն են հաստատում մտահոգիչ իրականությունը: Պաշտոնապես չի խոսվում, քանի որ սա արդեն առողջապահականից քաղաքական հարցի կվերածվի՝ նկատում է Կարինե Դանիելյանը: ԱՀԿ-ն հիվանդացության հիմքում 3 հիմնական գործոն է դիտարկում՝ սոցիալական պայմաններ՝ թերսնում, ժառանգական գործոն, շրջակա միջավայր:


ՀՀ-ում քաղցկեղն ավելանում է ոչ թե տոկոսով, այլ անգամով. աշխարհում վատագույններից լինելու պատճառները

Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-գինեկոլոգ Գագիկ Բազիկյանը չի հերքում՝ վիճակն իսկապես մտահոգիչ է, բայց ոչ ներկայացվածի պես: Ուռուցքային հիվանդությունները մեր երկրում ավելանում են, ու ցավալիորեն ավելի արագ աճում է մահացությունը:  Ծխել, խմել, անառողջ ուտել, ոչ ակտիվ կենսակերպ, հորմոնային դեղորայքի չարաշահում, բնապահպանական խնդիրներ, ժառանգական հակում եւ սեփական առողջության անտեսում. հիմնական պատճառներն են: Պետության հատկացումներն էլ բավարար չեն թանկարժեք բուժման համար, իսկ կանխարգելիչ պոլիկլինիկական ծառայություններին մարդիկ կամ չեն դիմում, կամ չեն վստահում: Հետեւանքն այս մտահոգիչ պատկերն է:

Հայաստանը դեռ չունի ուռուցքային հիվանդությունների գրանցման ռեգիստր, ինչը թույլ չի տալիս հիվանդացության ամբողջական պատկերն ունենալ:  Հիվանդների մի ստվար մասը շարունակում է բուժման հույսերը կապել արտասահմանյան կլինիկաների ու մասնագետների հետ: Պրոֆեսորն արձագանքում է՝ անվստահության պատճառ հանդիսացող գործոններն աստիճանաբար հաղթահարվում են: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալրվել է արդի կարեւորագույն սարքավորումներով: Վերջիններից մեկն էլ նորագույն ճառագայթային ապարատն է: Գագիկ Բազիկյանն իր հորդորն է ուղղում՝ խնդրի մասին չխոսելն ու այն անտեսելը խնդրի լուծում չեն: Քաղցկեղը նենգ հիվանդություն է ու պահանջում է ժամանակին հետազոտվել:

Ըստ օրենքի՝ հիվանդն իրավունք ունի ստանալ իր առողջական վիճակի մասին ամբողջական պատկեր: Մեզ մոտ դեռ կա հիվանդից իր ուռուցքային հիվանդությունը թաքցնելու մոտեցումը: Հոգեբանորեն ավելի թեթեւ է այդպես, սակայն պրոֆեսոր Բազիկյանը դրա վատ կողմն է շեշտում՝ հիվանդը նման դեպքերում անտեսում է բժիշկների կարեւորագույն ցուցումները

Back to top button