«Արարատ» թոնրատունը՝ Դիարբեքիրում. ինչպես Տիգրանակերտում վերսկսեցին լավաշ թխել


Դիարբեքիրում հունվարի 20-ին մեծ հանդիսավորությամբ բացվել է <<Արարատ-թոնիր-լավաշ>> թոնրատունը: Հիմնադիր սասունահայ Էրհան Յամանին ու իր եղբայրներին լավաշի թխման հմտություններին ծանոթացրել են Հայաստանից մեկնած Արշակ Մարտիրոսյանը, Արթուր Աղեկյանն ու վերջինիս կինը‘ Հասմիկ Հարությունյանը:
Հայոց ցեղասպանությունից հետո Դիարբեքիրում կրկին լավաշ է թխվելու: Լավաշի փռեր եղել են Մուշում, բայց ոչ Դիարբեքիրում: Երկար տարիներ Մուշում ապրած սասունահայ Էրհան Յամանը որոշել է Տիգրանակերտում բացել լավաշի թոնրատուն: Փուռը բացելու համար ժամանել է Հայաստան, հարցուփորձ արել, թե որտեղից կարող է փռի համար գտնել անհրաժեշտ սարքավորումներ: Այդ հարցերը կարգավորելուց հետո, Յամանի հաջորդ այցի նպատակը վարպետներ գտնելն էր: Տոնական օրերն անցկացրել է Հայաստանում ու հետաքրքվել՝ ով կհամաձայնի Տիգրանակերտում որոշ ժամանակով սովորեցնել հայկական լավաշ թխելու հմտությունները: Բազմաթիվ հայերի է Յամանն առաջարկել, սակայն համաձայնության չեն եկել, քանի որ վախեցել են: Տեղեկությունները <<Ռադիոլուր>>-ին փոխանցեց այն ընտանիքը, ով համաձայնել է մեկնել պատմական Հայաստան ու Յամանին և իր եղբայրներին սովորեցնել լավաշ թխել: Արթուր Աղեկյանը և իր կինը՝ Հասմիկ Հարությունյանը, կամավոր մեկնել են Տիգրանակերտ՝ հայերին աջակցելու իրենց նախաձեռնություններում:
Հունվարի 20-ին <<Արարատ-թոնիր-լավաշ>> թոնրատունը մեծ շուքով բացվեց Տիգրանակերտում ապրող հայերի մասնակցությամբ: Հուզմունքն ու ուրախությունը խառնվել էին և՛ գնորդների , և՛ լավաշ թխող հայրենակիցների մոտ:
Հետաքրքիր էր, որ լավաշը թխում էինք, ոնց որ բեմի վրա լինեինք: Հանդիսատեսը տեղացի հայերն էին: Ե՛վ շատ հուզիչ էր, և՛ շատ ուրախալի էր, որ հայերը հուզված, փայլուն աչքերով գալիս էին: Կարծես լավաշն իրենց համար հայության և քրիստոնեության մի ապացույց լիներ, ինքնարժեքության բարձրացում լիներ»,- պատմում է Արթուր Աղեկյանը:
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Մելինե Անումյանը հայկական լավաշի թոնրատուն բացելու մտահղացումից զատ, հետաքրքրական է համարում Արարատ անվան օգտագործումը, քանի որ լեռան թուրքական պաշտոնական անվանումը Աղր է, Արարատը այստեղ անթույլատրելի բառերի շարքում է: Ինչպես միշտ թուրքերը շարունակում են հայկական խոհանոցի <<գոհարները>> վերագրել իրենց: «Թուրքական հնագիտության և ազգագրության թանգարանում ազգագրության նյութ ներկայացվել է լավաշ թխելու տեսարանը: Փորձում են իրենց թանգարանների միջոցով լավաշը ներկայացնել թուրքական խոհանոցի մասնիկ»:
Նույն լավաշը թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ, այնուամենայնիվ թուրքերը շարունակում են լավաշը ներկայացնել որպես թուրքական խոհանոցի մասնիկ և դրան ուղղված քարոզչությունը շարունակվում է՝ ասում է: