Հասարակություն

Ո՞վ պետք է վերահսկի դպրոցների սննդակարգը


Դպրոցների բուֆետներում և ճաշարաններում  պատրաստվող եւ վաճառվող  սննդի վերաբերյալ կան առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմատիվներ, որոնք խախտվում են։

Համենայն դեպս՝ դա են ցույց տալիս «Վստահություն» առողջապահական Հ/Կ  հանրապետության 80 դպրոցներում կատարված մոնիթորինգի  արդյունքները։

Սակայն զավեշտալին այն է, որ վերոնշյալ նախարարությունում չգիտեին, որ կա թույլատրելի և անթույլատրելի սննդի հաստատված ցանկ:  Իսկ ո՞վ պետք է վերահսկի դպրոցների սննդակարգը. հետաքրքրվել է «Ռադիոլուրը»:

Եթե դպրոցներում աշակերտների սնուցումը ճիշտ չի կազմակերպվում, դա արդեն երեխաների իրավունքների ոտնահարում է, վտանգում է նրանց առողջությանը: Հայտարարության հեղինակը «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ, մանկաբույժ  Սուսաննա Հարությունյանն է։ Դպրոցներում գործող ճաշարաններում, զուգարաններում հիգիենայի պահպանության մասին անգամ կա առողջապահության նախարարի հրամանը։ Հետաքրքիրն այն է, որ նախարարությունում այս հրամանի մասին տեղյակ չեն։ Բազմաթիվ հարցումներից հետ՝ նորմատիվների մասին նախարարի հրամանը գտնվեց Սննդի անվտանգության պետական ծառայությունում։ Հենց այնտեղից էլ մեզ տրամադրեցին հրամանի պատճենը։

«Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման, ինչպես նաև զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով` ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից՝ ուսումնական հաստատություններում չի օգտագործվում 1տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված տապակած կերակրատեսակներ, այդ թվում՝ ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս, գազավորված ըմպելիքներ,  պիստակ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ, շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք, առանց մրգային միջուկի կարամել, բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք, պաղպաղակ»:

2017 թվականին «Վստահություն»  ՀԿ- ն մի քանի գործընկեր կազմակերպությունների հետ հանրապետության  80 դպրոցներում  կատարել է  ուսումնասիրություններ և արձանագրել  բազմաթիվ խախտումներ՝ դպրոցների սննդի, գործող ճաշարանների ու բուֆետների և նաև  սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ:

Հետազոտության արդյունքներով՝ հասարակական կազմակերպությունն առաջարկել է փոփոխություններ կատարել նորմատիվներում, քանի որ, ըստ այդ ցանկի, չի սահմանափակվում քաղցրավենիքի վաճառքը և բուֆետներում չեն վաճառվում այն սննդատեսակները, որոնք  ավելի ցանկալի են  երեխաների համար:

Հետազոտության արդյունքներով՝  երևանյան դպրոցների բուֆետների մեծ մասում սանիտարահիգիենիկ պայմանները  պահպանված են: Սակայն, ի տարբերություն մարզային դպրոցների, երևանյան  դպրոցներում  չկան  ճաշարաններ, որտեղ հնարավոր կլինի  1-4 դասարանների երեխաների համար կազմակերպել անվճար սնունդ: Իսկ  բուֆետներում էլ տեսականին չի համապատասխանում առողջ սնուցման պահանջներին:

«Հիմնականում մրգեր, բանջարեղեններ չկան, կաթնամթերքը համապատասխան փաթեթավորմամբ, որն անվտանգ է վաճառքի համար, նույնպես չկա: Շատ հաճախ վաճառվում է քաղցրավենիք,  գազավորված ըմպելիք, որն էլ նպաստում է գիրությանը»:

Նորմատիվների խախտումները շատ են և խնդիր է, որ  մոնիտորինգ չի իրականացվում։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ դպրոցի տնօրենները չունեն բավականին գիտելիքներ իրենց պարտականությունների մասին:

«Իրենք չգիտեն՝ ինչ փաստաթղթեր պետք է ունենալ, ինչ փաստաթղթղերով ինչ պետք է վերահսկեն: Օրինակ՝ գնում են որոշակի սննդամթերք: Իրենք չգիտեն՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ: Կամ երբ գնում են այդ սննդամթերքը՝ ինչ պահանջների պետք է համապատասխանի»։

Փորձեցինք  վերահսկողության  մասին  պարզաբանումներ ստանալ Սննդի անվտանգության պետական ծառայությունից։ Առայժմ չհաջողվեց։ «Ռադիոլուր»-ը հետևողական կլինի  այս հարցում։

Back to top button