

Քանի դեռ չի խոսվում 1988-92 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղի ունեցած ցեղասպանության մասին, քանի դեռ չի խոսվում, որ 660 հազարից ավելի հայեր են փախստական դարձել, քանի դեռ չի խոսվում, որ արցախյան պատերազմը այդ ցեղասպանություն կասեցնելու քայլ էր հայության համար, մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, և մեր զինվորներին սահմանին զոհվելու են:
Այս խոսքերով Մարիամ Ավագյանը Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի անունից այսօր դիմել է ՀՀ և Արցախի իշխանություններին, լրատվամիջոցներին՝ համոզմունք հայտնելով, որ խաղաղության միակ ճանապարհն այդ երեք գործոնների մասին բարձրաձայնելն ու ճանաչելն է:
Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել է նաեւ պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանը:
Փետրվար ամիսը խորհրդանշական է հատկապես այս տարի. լրանում է արցախյան շարժման 30-ամյակը: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանը գնահատում է:
«30-ը և՛ շատ է, և՛ քիչ է, բայց բավարար է, որ լուրջ եզրակացությունների գանք, լուրջ հետևություններ անենք, ավելի առարկայական գնահատենք մեր Արցախյան շարժումը»:
Փետրվարի 20-ը պետք է նշել որպես տոն՝ կարծիք հայտնեց բանախոսը, ապա հավելեց, թե ուրախ է, որ Հայաստանի հասարակությունը, նրա ձեւակերպմամբ, անկախ պետության զգուշավորությունից, շատ լուրջ տրամադրված է այն նշելու:
«Տոները կարևոր են մարդկանց հոգևոր խնդիրներն ամփոփելու համար: Երեկվա, այսօրվա ու վաղվա անելիքների գնահատականը – այս բոլորը հոգեւոր աշխարհ է»:
«Կա կարեւոր պատմական եզրակացություն, որին պետք է հանգենք: Դա այն է, որ մեծ ազգային գործերի համար պետք է ժողովրդական համախմբում: Արդյունքը այն էր, որ Արցախյան շարժումը ավարտվեց անկախության ձեռքբերումով, դրանից հետո պետականաշինության կարևոր գործընթաց սկսվեց»:
Խաղաղության հասնելու միակ ճանապարհը Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղի ունեցած ցեղասպանության, փախստական դարձած հայերի մասին խոսելն է՝ համոզմունք հայտնեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
«Քանի դեռ չի խոսվում, որ արցախյան պատերազմը այդ ցեղասպանությունը կասեցնելու քայլ էր հայության համար, մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, և մեր զինվորները սահմանին զոհվելու են: Խաղաղության միակ ճանապարհը այդ գործոնների մասին բարձրաձայն խոսելն ու ճանաչելն է»:
Մարիամ Ավագյանը նկատում է, որ այսօրվա իրականությունն այնպիսինն է, որ ողջ քաղաքականությունը կառուցվում է մի մեծ կեղծիքի վրա, որ իբրև ագրեսորը Հայաստանն է, որը հարձակվել է Ադրբեջանի վրա, օկուպացրել է տարածքներ և այդ տարածքները պահպանող զինվորն օկուպանտ է: Քանի դեռ այս կեղծիքը կա, պատերազմը շարունակական կլինի՝ շեշտեց Մարիամ Ավագյանը:
«Եթե մեր իշխանությունները, իրոք անկեղծ ուզում են, որ խաղաղություն լինի, պարտավոր են այս հարցերին անդրադառնալ անկեղծ, դուրս գան արտաքին կառավարման դաշտից և իրականացնեն քաղաքականություն, որը հանուն հայության է այս տարածքում»:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը հիշեցրեց, որ փախստականներն այսօր ԱՄՆ-ում են, Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում՝ շեշտելով, թե Հայաստանում հայ փախստականի որևէ խնդիր մինչ օրս լուծված չէ: