Մշակույթ

Ֆրունզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն ԳԱԹ-ում


Եղիշե  Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվել է Ֆրուզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն, որը կգործի մեկ ամիս: Ներկայացվող նյութերը 20 տարի առաջ թանգարանին է նվերել արվեստագետի ընտանիքը: Տարիների ընթացքում դրանք համալրվել են:

Արվեստագետի որդին՝ Միքայել Դովլաթյանը  նշել է, որ բազմաթիվ մասունքներ պահպանվում են նաև տանը, տարբեր հասցեներում:

«Դրանք մեկտեղելու և  հայ կինոյի մյուս մեծերին առնչվող մասունքների հետ մեկ հասցում ներկայացնելու կարիք կա: Իսկ այդ հասցեն կարող է լինել Հայ կինոյի թանգարանը, որի պահանջը վաղուց հասունացել է»,-ասել է Միքայել Դովլաթյանը:

Լուսանկարներ, սցենարներ, ազդագրեր, պարգևներ, Ֆրունզե Դովլաթյանի մասին պատմող արխիվային այլ նյութեր, որոնք տարիներ առաջ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին է հանձնել  մեծանուն ռեժիսոր կինը՝ Իռեն Օրդուխանյանը:


Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի պարզաբանմամբ, ԳԱԹ-ում բացված ցուցահանդես  ունի որոշակի շեշտադրում՝ ներկայացնել  հայ կինոյի այն ժամանակաշրջանը, որում իր հաղթ հասակով կանգնած էր Ֆրունզե Դովլաթյանը:


«Ֆրունզե Դովլաթյանը հայ կինոյի սակավ «կաղնիներից» մեկն է, և մենք փորձելու ենք արժանին մատուցել նրան՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով: Դովլաթյանի կինոժառանգությունը շատ պարտավորեցնող է: Եթե  մեր կինոն ունենալու է  արժանի հեռանկար, որի ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են իրականացվում, ապա այդ հեռանկարը պետք է խարսխվի այն պատկառելի ժառանգության վրա, որը ստեղծել է նաև Ֆրունզե Դովլաթյանը»:

Դովլաթյանին առնչվող ամենահետաքրքիր ցուցանմուշներից մեկն առանձնացնելու՝ «Ռադիոլուր»-ի խնդրանքին ի պատասխան, Վարդանյանն արձագանքեց.

««Սադրիչ» հարցին «սադրիչ» պատասխանով կարձագանքեմ»:

«Դովլաթյանն ուներ հնարավոր բոլոր տիտղոսները, կոչումներն ու մրցանակները, այդ թվում նաև  Ստալինյան մրցանակ, որին արժանացել էր Սունդուկյանի անվան   թատրոնում խաղացած մի դերի համար: Մրցանակը ստացել էր 23 տարեկանում, երբ իր խաղընկերները՝ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը…դեռևս չունեին այդ  մրցանակը: Հետաքրքիր փաստ է»:


«Անդրեյ Տարկովսկու նամակը Ֆրունզե Դովլաթյանին, Դովլաթյանի նամակը՝ Սերգեյ Փարաջանովին: «Բարև, ես եմ» ֆիլմի ռեժիսորական սցենարը, որի վրա Դովլաթյանը գրի է առել մեծամեծների ասացվածքները, որոնցով և առաջնորդվել է ֆիլմը նկարահանելիս: Ինձ համար սրանք մասունքներ են, և նման մասունքներ կան ոչ միայն Գրականության ու արվեստի թանգարանում, այլև տանը, տարբեր հասցեներում»,-ասում է  ռեժիսորի որդին՝ Միքայել Դովլաթյանը:

«Այդ մասունքները պետք է ի մի բերել և ներկայացնել պատշաճ կերպով: Նման մասունքները պատշաճ կերպով ներկայացնելու լավագույն հնարավորությունը  Հայ կինոյի թանգարանի ստեղծումն է»:


Միքայել Դովլաթյանի տեղեկացմամբ, Կինեմատոգրաֆիստների միության շենքում Կինոթանգարանի ստեղծման գաղափարի շուրջ միավորված խումբն արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում:

Back to top button