ԿարևորՔաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են շփման գծում դիտորդների թվի ավելացման շուրջ համաձայնությանը. Լավրով

«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են շփման գծում դիտորդների թվի ավելացման շուրջ համաձայնությանը»,-հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիվանագետի խոսքով, Մոսկվան ակնկալում է, որ այն քայլերը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կյանքի կկոչվեն:

«2016 թվականի ապրիլին շփման գծում հայտնի միջադեպերից հետո Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Նույն տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում՝ համանախագահների մասնակցությամբ:

Այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ որպես վստահության ամրապնդման հստակ քայլ շփման գծում 6-7-ով ավելացնել ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվը: Մինչ օրս տարվել է աշխատանք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ կողմերն այժմ մոտ են հստակ ձևաչափերի շուրջ համաձայնեցման գալուն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը նշել է, որ ցանկացած հակամարտության կարգավորման գործընթաց ենթադրում է զուգահեռ համաձայնեցված գործողությունների իրականացում, որոնք կհանգեցնեն անվտանգության ամրապնդմանն ու խնդրի քաղաքական կարգավորմանը:

«Այն տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել իրական կյանքում»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Back to top button