Ինչից է աղտոտվել Դեբեդը. «Vallexgroup»-ի պատասխանը «Ռադիոլուրին»


«Vallexgroup» ընկերության պատասխանը «Ռադիոլուրին»: Արդյո՞ք Դեբեդ գետն աղտոտվել է հենց այս ընկերության պոչամբարի վնասի հետևանքով: Պաշտոնական ու ոչ պաշտոնական պարզաբանումները տարբեր են:
Փորձագետները պնդում են՝ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր պոչամբարները տեխնիկական սխալներով են կառուցվել, ուստի և վտանգավոր են, հանքարդյունահանողները պնդում՝ պոչանքները գտնվում են խիստ վերահսկողության տակ։
Իրականությունը փորձում է պարզել «Ռադիոլուրը»:
Հայկական լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում՝ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում պոչամբարի պատվարի վնասման հետևանքով թափոնները լցվում են Շնող գետ, այնտեղից էլ՝ Դեբեդ: Օրերս նման ահազանգ նորից հնչեց:
«Ռադիոլուրն» էլ պարզաբանումներ խնդրեց հանքարդունահանող ընկերությունից։ Նախ՝ մեզ հետաքրքրում էր, թե որքան է լցված Թեղուտի պոչամբարը:
«10.01.2018թ. դրությամբ պոչամբար են մատակարարվել 21.8 մլն տոննա պոչեր: Պոչամբարի նախագծային տարողունակությունը կազմում է 198 մլն մ»:
Ընկերությունից փորձեցինք տեղեկանալ՝ արդյո՞ք այն վնասվել է:
«Ոչ: Թեղուտ ՓԲԸ պոչամբարի վնասվածության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Պոչամբարի պատվարի վրա որևէ վթարային իրավիճակ գոյություն չունի»:
Հնարավո՞ր է, որ պոչմաբարը վնասվի, սակայն հնարավոր չլինի պարզել: Ընկերությունում վստահեցնում են՝
«Պոչապատվարը, հանդիսանալով բարդ հիդրոտեխնիկական կառույց, գտնվում է մշտական հսկողության տակ: Պարբերաբար վերահսկվում են պատվարի կայունության մի շարք ցուցանիշներ ոչ միայն մեր, այլ՝ միջազգային հեղինակություն ունեցող փորձառու ճարտարագիտական ընկերությունների կողմից: Բացառվում է որևէ վթարային իրավիճակի զարգացում առանց այդ փաստի՝ վերահսկող խմբերի կողմից արձանագրման»:
Ուստի «Վալեքսգրուպը» հավաստիացնում է, որ Դեբեդ գետն իրենց մեղքով չի աղտոտվում։
Իսկ ընդհանրապես՝ այժմ աղտոտված է, հետաքրքրվեցինք Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանից:
«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը Թեղուտի բնակիչ Սամվել Նորեկյանն է: Նշում է՝ մոտ մեկ ամիս է, ինչ գործարանը չի աշխատում, ուստի և այն չէր կարող այդ օրերին գետի ջուրը պղտորվել:
Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը «Ռադիոլուրին» մտահոգություններն է փոխանցում ոչ միայն այս պոչմաբարի հետ կապված: Ասում է՝ բոլոր տեղերում էլ մենք նմանատիպ ու համարժեք խնդիրներ ունենք: Մասնավորեցնելով նշում է՝
«Թեղուտի պոչմաբարի մասին հստակ գրված է՝ այն վտանգավոր է թե տեխնիկական, թե բնապահպանական առումներով: Պատվարի կառուցման մեթոդիկան ճիշտ չի ընտրված, անընդհատ լինում են խոնավացման ջրերի արտահոսքի խնդիրներ: Կայունությունը կարող է վտանգվել հետագայում, երբ պոչամբարը դուրս գա շահագործումից, լցված լինի ոչ մեկը իրեն չհետևի»:
Զրուցակիցս պնդում է՝ Հայաստանում որևէ պետական մարմին ուսումնասիրություն չի կատարել, թե ինչ վիճակում են պոչամբարները՝ ինչպես շահագործվող, այնպես էլ՝ արդեն չշահագործվող: Ուստի և հենվում ենք ՀԲ ֆինասնավորմամբ 2016թ կատարած շվեդ երկրաբանների ուսումնասիրության վրա:
«Բոլոր պոչամբարները սխալ են կառուցված սեյսմիկ երկրի պայմանները հաշվի առնելով՝ կառուցման մեթոդը սխալ է, և չի կարող կայուն լինել մեր տիպի լեռնային երկրների համար»:
Բնապահպանության նախարարությունն արդյո՞ք Հայաստանի պոչամբարների հետ կապված որևէ հետազոտություն կատարել է՝ հարցնում եմ Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանին:
«Ոչ, 2018թ Բնապահպանության նախարարությունը պետք է գույքագրի բոլոր չգործող պոչամբարները»:
Արդյունքները պարզ կլինեն տարեվերջին: