ԿարևորՀասարակություն

Լուսնային բացառիկ երեւույթն ու դրա ազդեցությունը մեր վարքի վրա

Նախորդ եւ առաջիկա գիշեր դիտվում է երկնային բացառիկ երեւույթ. զուգակցվում է երեք հետաքրքրիր դրսեւորում՝ Գերլուսին, «Արյունոտ Լուսին» ու Լուսնի խավարում: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը «Ռադիոլուր»-ին բացատրել է՝ ինչո՞վ է երեւույթը բացառիկ:

Իսկ որ լուսնային երեւույթներն իրենց ամենաուղիղ ազդեցությունն են ունենում մարդկանց առողջության վրա՝ վստահ են թե աստղագետը Արեգ Միքայելյանը, թե թերապեւտ Կարինե Ստեփանյանը:

Լուսինն այս գիշեր էլ շատ մեծ է լինելու, բայց նախորդ գիշերվանից փոքր-ինչ պակաս: Լուսատուն այսօր Երկրին սովորականից ավելի մոտիկ է եւ 15 տոկոսով ավելի մեծ է երեւում:  Բացի այդ՝ այսօր դիտվում է նաեւ «Երկնագույն Լուսին». այդպես կոչում են երեւույթը, երբ մեկ ամսում երկու անգամ Գերլուսին է լինում: Սա եւս հազվադեպ երեւույթ է:

Արեգ Միքայելյանը սրանց ուղեկցող ամենահետաքրքրական երեւույթը համարում է խավարումը, որը դիտվում էր նաեւ աշխարհի այլ ծայրերում, իսկ մեզ մոտ առանձնապես նկատելի չէր: Սրա ժամանակ Լուսինը ծածկվում է Երկրի ստվերում. իր լույսը չի երեւում, փոխարենը Լուսնի սկավառակը թեթեւ լուսավորվում է Երկրի մթնոլորտից հասած արեւի ճառագայթներով, որոնք դրան հաղորդում են կարմրագույն երանգ. հենց դա էլ կոչվում է «արյունոտ Լուսին». սա էլ դիտվում է տարվա մեջ մեկ- երկու անգամ:

Իսկ նախորդ ու այդ գիշերվա մթնոլորտային երեւույթներն ինչո՞վ են բացառիկ՝ բացատրում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Գերլուսինը խավարման հետ միաժամանակ շատ բացառիկ երեւույթ է, տասնյակ տարիների ընթացքում մեկ անգամ կարող է տեղի ունենալ: Իսկ Գերլուսին տարվա մեջ մի քանի անկամ կարող է դիտվել: Այս գիշեր կարող ենք դիտել խոշոր Լիալուսին՝ աջ կողմից փոքրիկ փոսիկով: Եթե մեծությունը, պայծառությունը գրավում է, դա կարող ենք դիտել»:

Լուսնային երեւույթները մեծագույն ազդցեցություն ունեն Երկրի վրա: Դրա վառ արտահայտումն են մակընթացություններն ու տեղատվությունները: Եւ եթե Երկրի ջրային միջավայրն այդքան մեծ ազդեցության է ենթարկվում, առանց ազդեցության չի կարող մնալ մարդու օրգանիզմը, որի ¾-ը հեղուկ միջավայր է՝ վստահ է Արեգ Միքայելյանը՝ նկատելով, սակայն, որ այս մոտեցումը դեռ շատ լուրջ հետազոտություններ է պահանջում: Թերապեւտ Կարինե Ստեփանյանն այս մոտեցումը հաստատում է սեփական մասնագիտական պրակտիկայով: Մարդկանց առողջական վիճակի փոփոխություն այս օրերին, անշուշտ, նկատվում է, առանձնակիորեն նաեւ՝ երեխաների ու նրանց վարքի:

«Փոքրիկի վարքը փոխվում է, ավելի անհանգիստ են դառնում, քնի ռեժիմը խախտվում է, կանոնակարգված երեւույթնենրը փոքր-ինչ շեղվում են: Իսկ պացիենտներն այդ օրերկն գանգատվում են ճնշման բարձրացումից, գլխացավից, ընկճվածությունից, հոգնածությունից: Դրանք իրոք դիտվում են: Այդ երեւույթներին առաջին հերթին արձագանքում են արյան, սիրտանոթային եւ նյարդային համակարգերը: Բայց դա ոչ բոլորի մոտ է նկատվում, եւ ոչ բոլորն են ֆիքսում»:

Իսկ արժե՞ սեփական  վարքը կապել երկնային երեւույթների հետ, թե այդուհանդերձ, հարկ է այն կառավարել սեփական ուժերով, մոտեցման հարց է:

Back to top button