Սպորտ

Որոնք էին Բլանկի՝ հակահայկական վերլուծության պատճառները

Ամերիկացի փորձագետը ոչ հայանպաստ ձևակերպումներով լի մի հոդված է հրապարակել ամերիկյան կայքերից մեկում, ու հայերին Ռուսաստանի, մեղմ ասած, ենթակա համարում:

Ինչ է նշանակում այս հոդվածը, այն պատվիրվա՞ծ է, թե անձնական դրդապատճառներ ունի:

Ամերիկացի փորձագետն Ստեֆան Բլանկը կոչ է անում Միացյալ Նահանգների վարչակազմին փոխել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Տարածաշրջանը և հակամարտությունները լավ իմացող վերլուծաբանը The Hill  պարբերականում պնդում է, թե իբր հայերի գործելաոճի պատճառով  միլիոնավոր ադրբեջանցիներ են փախստականներ դարձել, այնուհետև ընդգծում, որ Ռուսաստանն ընդհանրապես պետք է դուրս վռնդվի Հարավային Կովկասից, իսկ ամերիկյան Կոնգրեսը, եթե ուզում է օգնել ՀՀ-ին, ԱՄՆ-ին ու նույնիսկ Ադրբեջանին, ապա պետք է օգտագործի իր կշիռը՝ առաջ տանելու համար ամերիկյան դիվանագիտությունը Հարավային Կովկասում, ոչ թե այդ կարևորագույն տարածաշրջանը թողնի Մոսկվայի քմահաճույքին:

Ինչ է նշանակում այս հոդվածը:

Արդյո՞ք սա նշան է, թե Թրամփը փոխում է իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում: Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանին զարմացնում է վերլուծաբանի հոդվածի նման շարադրանքը:

«Դեռ վաղ է խոսել քաղաքականության փոփոխության մասին»:

Սա պատվե՞ր է, թե՞ հեռահար նպատակ. Հարցին Հրաչյա Արզումանյանն զգուշորեն է պատասխանում. «եթե սրան լուրջ չվերաբերվենք, ապա հնարավոր է վաղը տեսնենք ամերիկյան ռազմավարության փոփոխություն Հարավային Կովկասում՝ ասում է:


Ամերիկագետ Արեգ Գալստյանը մինչդեռ հերքում է  ամերիկյան կողմից հրապարակման պատվիրված լինելու ենթադրությունը։ Բլանկը լավ փորձագետ է՝ ասում է նա, միաժամանակ նաև հստակեցնում՝  նա ամերիկյան վերլուծական մտքի, այսպես ասենք, ուղեղների կենտրոնում միջին դիրքում է։

«Հայաստանի գործոնն ամերիկյան քաղաքականությունում չպետք է գերագնահատել: Չեմ  կարծում, թե իրադրությունն այնպես  է դասավորվել, որ ԱՄՆ որևէ ԶԼՄ կարիք է զգացել  Հայաստանին սպառնալիք հղելու համար: Սպիտակ տունը օրինակ նման բան կարող էր անել դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Կան բազմաթիվ ֆորմալ և ոչ ֆորմալ ձևեր դա անելու համար: Այնպես որ, սա ամերիկյան ձեռագիր չէ, դա այն մեխանիզմը չէ, որի միջոցով Ամերիկան ՀՀին կարող էր որևէ մեսիջ հասցնել»:

Նման հոդված հրապարակելու համար մի քանի պատճառ նկարող է լինել՝ ըստ Արեգ Գալստյանի: Ընդհանրապես՝ շատ ամերիկյան կենտրոններ գտնվում են կադրային և ֆինանսական ճգնաժամի մեջ և շատերը ստիպված են գոյատևել և հոդվածի հեղինակ Բլանկը հենց այն փորձագետների թվում է, ովքեր  գտնվում են գոյատևման սահմանագծում:

Բացի դա՝ նա միանգամայն հավանական է համարում, որ գուցե նա համակրում է Ադրբեջանին։ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը նման հոդվածների նկատմամբ  ուշադիր է և համարժեք վերաբերմունք, բնականաբար, կարող է լինել:

Եվս մի հանգամանք. Բլանկը, ըստ Արեգ Գալստյանի, նեղացկոտ բնավորություն ունի։ Հոդվածի համար գուցե անձնական դրդապատճառներ են եղել .

« Որքանով ինձ հայտնի է, նա նեղացկոտ անձնավորություն է, շատ նեղացկոտ և հնարվոր է ինչոր մեկը երբևէ Ամերիկայում հայկական կազմակերպություններից  կամ Երևանից նրա մասին  ոչ  ականջահաճո է արտահայտվել ու նա նեղացել է և  էմոցիոնալ պոռթկում է եղել նրա մոտ, քանի որ ամբող հոդվածը լի է հենց էմոցիոնալ ձևակերպումներով»:

The Hill կայքի հետ համագործակցում է նաև զրուցակիցս՝ Արեգ Գալստյանը, ու վերոնշյալ հոդվածից հետո պատասխան նամակ է գրել հենց նույն կայքում տեղադրելու համար, սակայն, ինչպես ինքն է ասում, առաջին անգամ իրեն մերժել են ու չեն հրապարակել հոդվածը։ Ամերիկագետը ենթադրում է, որ ոչ հայանպաստ  հոդվածը գուցե  պատվիրված է եղել ադրբեջանցիների կողմից և վճարի դիմաց էլ հենց պայմանավորվածություն է եղել հակադարձ արձագանքը չհրապարակելու մասին:

Back to top button