Հասարակություն

ՀՀ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ում

ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

Մասնավորապես, օրինագիծը սահմանում է ՀՀ նախագահի աշխատակազմի թվաքանակը չի կարող գերազանցել 180-ը: Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Այդ միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:

Բացի այդ, ՀՀ նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երեւանում (հասցեն՝ Մաշտոցի 47).

2) ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Օրենքի 7.3 հոդվածով նախատեսվում է, որ պաշտոնաթող լինելուց հետո ՀՀ նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ եւ՝ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ, որի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից:

Պաշտոնաթող  Հանրապետության նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տաս օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պաշտոնաթող Հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:
Նախագծով սահմանվել է նաև վարչապետի աշխատակազմը: Վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը: Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, որը չի կարող գերազանցել 600-ը, վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով:

Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են` նստավայր Երևանում՝ Բաղրամյան 26 հասցեում:

Տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, որը տեղակայված է Ձորափի 74, 3-րդ մասնաշենքում:

Վարչապետին տրամադրվում է նաև ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք), ինչպես նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը ևս օրենքի նախագծում է:

Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

Ազգային ժողովի նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 50 միլիոն դրամի չափով:

Նախագիծն ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Back to top button