Քաղաքական

Ինձ համար պատիվ էր աշխատել Հայաստանում. Բրեդլի Բուզետտո

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝  վարչապետի խոսքով  Բուզետտոյի պաշտոնավարման ընթացքում կյանքի են կոչվել, ինչպես նաև շարունակվում են իրականացվել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր երկրի զարգացման և բարեկեցության ապահովման համար:

Կարեն Կարապետյանը նաև տեղեկացրել է Շվեյցարիայի Դավոս քաղաք աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների հետ հանդիպման արդյունքների մասին:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր հերթին նշել է, որ իր համար պատիվ էր աշխատել Հայաստանում և ներդրում ունենալ երկրի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Նա նաև շնորհավորել է վարչապետ Կարապետյանին՝ Դավոս հաջող այց կատարելու և արդյունավետ հանդիպումներ ունենալու կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել ՀՀ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային համագործակցության խթանման հեռանկարներին:

Վարչապետ Կարապետյանը հաջողություն է մաղթել պարոն Բուզետտոյին հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը և ցանկալի հյուր մեր երկրում:

Back to top button