Քաղաքական

Վերջնական որոշում չկա. քաղտեխնոլոգները՝ վարչապետի հարցի շուրջ

Յուրաքանչյուր քայլ, որ այսօր կատարվում է իշխանությունների կողմից, ըստ վերլուծաբանների, կարելի է գնահատել այն տեսանկյունից, թե ո՞վ կլինի Հայաստանի ապագա վարչապետը:

Այս կարծիքն են, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ներքաղաքական վերադասավորումներին եւ խոսելով նախագահի ու վարչապետի՝ համապատասխանաբար՝ Ֆրանսիա եւ Դավոս վերջին այցերի մասին:

Վերլուծաբանները  համակարծություն են հայտնել, որ մինչ այս պահը վերջնական որոշում գոյություն չունի, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը ապրիլից հետո:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նկատում է, որ ի տարբերություն Ռուսաստանի, որտեղից հստակ հնչեցնում են, թե ով է Ռուսաստանի համար ցանկալի Հայաստանի ապագա վարչապետը, Արեւմուտքից նման ակնարկներ չկան:

Արեւմուտքի գործոնն էլ, ըստ նրա, բավականին մեծ է այս պահին՝ Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը հիշեցրեց վերլուծաբանը: Փորձագետը կարծում է, որ ապագա վարչապետի հարցում՝ ներսում ամեն ինչ-հստակ է ու որեւէ խնդիր չկա, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը գործոն չեն եւ այդ հարցում ազդելու հնարավորություն չունեն եւ որոշումներ կայացվում են մեկ անձի կողմից: Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը, սակայն, չի կարծում, թե ներսում ամեն ինչ հստակ է կամ որոշված՝ մեկ անձի կողմից:

Սահմանադրական փոփոխությունները ազդակ էին լուրջ փոփոխությունների՝ նկատեցին վերլուծաբանները: Նրանք անդրադարձան նաեւ դրանից հետո բերված նոր կադրերին՝ վարչապետ Կարեն Կարապետյան, ԱԺ նախագահ Արա Բաբլոյան եւ հաջորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյան, որոնք, ըստ վերլուծաբանների, համակարգի հետ կապ չունեն: Արմեն Բադալյանը նաեւ նկատեց, որ նրանք դե ֆակտո քաղաքական գործիչներ չեն, ապա եզրահանգեց.

«Ապագա վարչապետին որեւէ մրցակից չպետք է ունենա»:

Վիգեն Հակոբյանը, մինչդեռ, հիշեցնելով գործող նախագահի հայտնի հայտարարությունը պաշտոններ չզբաղեցնելու մասին, որը դեռեւս չի հերքվել, եզրահանգեց.

«Դեռեւս որչեւէ լուրջ հիմնավորում չունենք: Որոշում չկա այդ վերջին քայլը արվելու է, թե չէ»:

Արմեն Բադալյանի խոսքով՝ վարչապետի անձից շատ բան է պայմանավորված, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտը դիմադրողականություն չունի: Նա կարող է միանգամից փոխել թե՛ քաղաքական համակարգը, թե՛ տնտեսական դաշտը՝ ասաց:

Վիգեն Հակոբյանի կարծիքով, սակայն, վարչապետի պաշտոնը գերագնահատելով հանդերձ՝ այն մնում է ամենախոցելի ֆիգուրը, քանի որ նոր Սահմանադրությամբ ցանկացած պահի կարող է փոխվել՝ իշխող մեծամասնության պահանջով: Ըստ Վիգեն Հակոբյանի՝ երեք զարգացման տարբերակ կա, թե որը կկիրառվի՝ պայմանավորված է նաեւ ներքին ու արտաքին քաղաքական գործոնների ազդեցությամբ:

«Մոտավորապես 1.5 ամիս անց ո՞ր գործոններն առավել կազդեն՝ դրանից էլ կախված է լինելու 3 տարբերակներից մեկի ընտրությունը»:

Չկա անփոխարինելի մարդ՝ ամեն ինչ որոշվելու է իրավիճակից ելնելով՝ վարչապետի անձի հետ կապված հարցին ի պատասխան հանրապետականից հնչած այս տեսակետը հիշեցնելով եզրափակեց քաղտեխնոլոգը:

Back to top button