Հասարակություն

Բացառել նոր պոչամբարների ստեղծումը. պաշտոնական ու փորձագիտական կարծիքները համընկնում են

Մեր երկրում գերակա հռչակված հանքարդյունաբերության ոլորտի շուրջ կրքերը  չեն հանդարտվում:  Հայաստանում 22 պոչամբար կա, որոնք, բնապահպանների վստահեցմամբ, լուրջ խնդիրներ են առաջացնում:

Մեկ հարցում պաշտոնական ու փորձագիտական կարծիքները համընկնում են՝ Հայաստանում պետք է բացառել նոր պոչամբարների ստեղծումը, եղածներն էլ  պետք է անվտանգ դառնան:

 

 

Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև գործող  պոչամբարը Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև է գտնվում Նահատակի պոչամբարը: Այն պատկանում է  Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին:  Այս պոչամբարը մեկ անգամ չէ, որ վնասվել է:

Փորձագետ Վիկտորյա Բուռնազյան. «Ախթալա գետը վաղուց պոչատար է դարձել, ունի ծանր մետաղների մի ամբողջ փունջ, Ախթալա գետը գալիս լցվում է Դեբեդ գետը»:

Անցյալ տարվա աշնանը ձևավորված ԲՆ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում խնդրից տեղյակ են:  Մարմնի  ղեկավարի խորհրդական Մարզպետունի Քամալյանը հաստատում է՝ վթար իսկապես  եղել էր, արտադրական հոսքաջրերը տարածք էին թափվել:

«Պոչատարը, որը ֆաբրիկայից գնում է մինչև պոչամբար՝ մոտ 8 կմ,  խողովակաշարը ծածկվել էր, հոսքաջրերը դպրոցի տարածք էին լցվել: Ընկերությունը վերականգնեց այդ տարածքը: Նահատակի պոչամբարում ստուգումները ընթացքի մեջ են»:

Տարածքը վերականգնված է՝ ասում է պպաշտոնյան, նշում է, որ ստուգումներ են սկսել՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունն են ուսումնասիրում: Չի ուզում ժամանակից առաջ ընկնել ու ենթադրություններ անել: Փոխարենը վստահեցնում է՝ Նահատակ պոչամբարը  դեռ  1,5 տարի կշահագործվի:

Փորձագետը՝ Վիկտորիա Բուռնազյանը, խոսելով նախկինում փակված պոչամբարների մասին, ընդգծում է՝

«Երեք չորս ամսից Շամլուղի բաց  հանքի տարածքում պահեստավորել պոչամբարը, ռեկուլտիվացնել՝ հողով ծածկել, որ անվտանգ դառնա»:

Փորձագետը, ներկայացնելով իրենց մոնիտորինգի արդյունքները, նշում է՝  նախկինում երկու ծածկված պոչմաբներն արդյունավետ չեն ծածկվել, հողի  շերտը բարակ է, պոչանքն անձրևաջրերի հետևանքով լցվում է Ախթալա գետը:

Մասնագետները  հաշվարկել ու պարզել են՝  մեկ  հա հանքավայրը աղտոտում է 10 հա տարածք։ Պնդում են՝ գյուղատնտեսական նշանակության հողերը վտանգված են: Ավելին, առողջապահական խնդիրներն ազդում են ոչ միայն տեղի համայնքների վրա, այլեւ, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի խոսքով՝

«Սննդային շղթայի միջոցով հասնում է մեզնից յուրաքանչյուրին, սա արդեն ազգային անվտանգության խնդիր է, բոլոր պատասխանատու մարմինները տեղյակ են սրա մասին, բայց ինֆորմացիան թաքուն են պահում»:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դիմել է ԱՆ՝ փորձում է հասկանալ՝ հանքարդյունաբերության հետևանքով  առողջական ինչ խնդիրներ ունեն տեղացիները: Մինչ այդ, հայտարարում է՝

«Սատկած խեցգետին գտանք, որի վրա նստվածք էր: Լցվում էր Դեբեդ գետը: Որքան հնարավոր է շտապ ռեսուրսներ ստանալ ու վերջ»:

Պետական պաշտոնյան՝ այս դեպքում  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետունի Քամալյանը հերքում է պատգամավորի հայտարարությունը:

Հայաստանում 22 պոչամբար կա, որոնք, բնապահպանների վստահեցմամբ, լուրջ խնդիրներ են առաջացնում:  Մի հարցում պաշտոնական ու մասնավոր կարծիքները համընկնում են՝ մեր երկրում  պետք է բացառվեն  նոր պոչամբարների  ստեղծումը, եղածներն էլ պետք է անվտանգ դառնան:

Back to top button