Վերլուծական

Աֆրինը՝ այսօր

Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինում թուրքական ԶՈւ-ի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ազգությամբ հայ, 24-ամյա Ռոշեր Քոնիսը` հայտնում է քրդական աղբյուրը եւ հավելում, որ Քոնիսի հետ միասին վիրավորվել էին նրա մայրը՝ 57-ամյա Շամսա Քոնիսը և քույրը՝ 25-ամյա Հանիֆա Քոնիսը:

Սիրիայում հայկական ներկայացուցչություններից մեզ չհաջողվեց ճշտել տեղեկությունը, իսկ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ լուրը ճշտվում է:

Ի՞նչ իրավիճակ է այսօր Աֆրինում, ի՞նչ նոր զարգացումներ կան սիրիական թնջուկում, եւ որքան դեռ առաջ կշարժվի թուրքական զինուժը:

 

Քրդերի դեմ Աֆրինում լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում նախորդ շաբաթ հայ էր վիրավորվել: Ռազմական գործողությունների ընթացքում արկն էր ընկել հայ ընտանիքի պատկանող տան վրա: Մինչեւ պատերազմական գործողությունները Աֆրինում բնակվել են մեծ թվով հայեր, հայաբնակ է եղել նաեւ հարեւանությամբ գտնվող Ազազ գյուղը: Այս պահին Աֆրինում ու Ազազում հայեր չեն բնակվում, իսկ ժամանակին գործող հայկական եկեղեցիներն ու մշակութային տները ավերված են:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն այսօր հայտարարել է, որ իրենք նպատակ չունեն բռանազավթելու Սիրիայի տարածքները։ Ըստ Էրդողանի՝ թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության նպատակն է հայրենիք վերադարձնել Թուրքիայում ապաստանած շուրջ 3.5 մլն սիրիացի ներգաղթյալներին: Թուրքիան հիմնավորում է ռազմական գործողությունը սիրիացի փախստականներին առաջնագիծ մղելով, իսկ պաշտոնական Դամասկոսը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի սահման:

Քրդագետ Վահրամ Պետրոսյանը, վերլուծելով նախաաֆրինյան զարգացումները եւ առաջիկա ընթացքը, նշում է, որ Իրաքյան Քրդստանի պարագայում ներխուժումը Սիրայի սահմաններ, ռազմական գործողույթունների տրամաբանությունը եւ ելքը, այլ է: Իրաքի պարագայում կար տարածաշրջանի երկրների հստակ աջակցությունը, այստեղ չկա միակարծություն:

Քաղաքական կարգավորում սիրիական թնջուկում կարծես թե գտնվել էր մինչ աֆրինյան զարգացումները: Արեւելագետները պնդում են, որ Սիրիայի հյուսիսում թուրքական զինված ուժերի ռազմական գործողությունը վիժեցրեց բանակցային գործընթացը՝ կասկածի տակ դնելով վաղը Սոչիում մեկնարկելիք սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունավետությունը: Սիրիայից Ռուսաստանի Սոչի քաղաք են սկսել ժամանել առաջին պատվիրակները:

Անցյալ գիշերվա ընթացքում Դամասկոս-Մոսկվա չվերթով արդեն ժամանել է 175 պատվիրակ, սպասվում եւս 169- ի ժամանումը: Պատիրակների թվում կան նաեւ ներքին ընդդիմության ներկայացուցիչներ, նաեւ Սիրիայի խորհրդարանի մեր երկու հայ պատգամավորները՝ Նոռա Արիսյանը եւ Ժիրայր Ռեիսյանը: Մեզ չհաջողվեց կապ հաստատել պատգամավորների հետ, սակայն քրդագետ Վահրամ Պետրոսյանը,  ներկայացնելով իրավիճակը, նշում է, որ Սոչիում առայժմ ներկայացված չեն դեմոկրատական ուժերի ներկայացուցիչները, ինչը Թուրքիայի պահանջն է:

Եվ վերջում, ինչո՞ւ Էրդողանն այժմ սկսեց ռազմական գործողությունները: Ըստ «Նյու Յորք Թայմսի», նա այս ռազմական գործողության մեկնարկը տալիս է մոտ ապագայում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ: Սա  բարձրացնում է եւ Էրդողանի, եւ նրա ղեկավարած իշխող կուսակցության վարկանիշը, քանի որ շարքային թուրքի համար առաջնային տեղում ազգային հարցերն են, այս դեպքում՝ քրդական:

Back to top button