Հասարակություն

Հայոց Բանակը 26 տարեկան է

Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը։ Այս տարի լրացավ Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը։ 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»  պատմական որոշումը՝ դրանով իսկ ազդարարելով Ազգային բանակի ստեղծման մասին:

Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի երազանքը 26 տարի է արդեն իրականություն է:


26 տարի առաջ հայկական երրորդ հանրապետության հետ գրեթե միաժամանակ ծնունդ առավ նաև հայկական բանակը:

Արդեն 26 տարի է սահմանին կանգնողը հայ զինվորն է՝ 18 տարին լրացած պատանին, որ կոփվում, մեծանում ու հասունանում է 2 տարվա ծառայության ընթացքում:

Տղաները բանակ գնալիս խոսում են պատանու թեթևությամբ ու իրենց տարիքին բնորոշ խանդավառությամբ: 18-ին մոտեցող տղաների մասին միանշանակ խոսել չի կարելի՝ կան ծառայությունից խուսափողներ էլ, չծառայողներ էլ, բայց միեւնույն է՝ նրանք փոքրամասնություն են։ Մեծամասնությունը գիտե իր պարտքի մասին եւ գնում է պաշտպանելու հայրենիքը։

Մուշեղ Միքայելյանը դեռ չգիտի՝ Հայաստանի ո՞ր մասում կանցկացնի իր ծառայության երկու տարին: Մեկ օր էլ անցնի՝ կիմանա: Ասում է՝ դա կարևոր չէ: Իր առջև այլ խնդիրներ ու պարտավորություններ է դրել:


Յուրաքանչյուրն իր համար ինքն է գծում իր սահմանները և ինքն իր համար որոշում՝ սահմանին կանգնելով առաջինն ում է պաշտպանում: Նորակոչիկները, սովորաբար, ավելի շատ են խոսում հայրենիքի, իրենց հողի ու հայրենիքը պաշտպանելու մասին:

Զորացրված զինծառայողները բանակին նայում են հետադարձ հասունացած աչքով: Բառերն ընտրողաբար են արտասանում: Ներսես Ալիխանյանն իր պարտքը կատարել, վերադարձել է: Վստահ է՝ զորացրված զինծառայողների 80 %-ն ազատ կխոսեն բանակի խնդիրների մասին:


Բանակը չի խանգարում ծառայության երկու տարիների ընթացքում մնալ մասնագետ, իր փորձով փաստում է մեկ տարվա զինծառայող Հովհաննես Վարդանյանը: Լրագրող էր քաղաքացիական կյանքում, լրագրող- զինվոր եմ նաև ծառայության ընթացքում՝ ասում է:

Երեք տղաներն էլ անմիջական կապ ունեն բանակի հետ՝ երեք էլ տարբեր ժամանակներում: Երեք էլ մի բան են միանշանակ փաստում՝ խաղաղությունը նվեր չի տրվում երբեք ու խաղաղության համար միշտ վճարում են ամենաթանկ գնով: Հայոց բանակը դեռ 26- ամյա երիտասարդ է՝ իր նման երիտասարդ զինվորով:

Back to top button