Տնտեսական

Սպանդանոցների կառուցումը սկսված է

Այս տարվա երկրորդ կեսից կենդանիների մորթը պարտադիր կազմակերպվելու է սպանդանոցներում: Արդեն սկսվել է  սպանդանոցների կառուցումը: Իրականացվող ծրագրի շրջանակներում սպանդանոց կառուցողներին Սննդամթերքի  անվտանգության պետական ծառայությունը տրամադրում է  աջակցություն:

Սրան զուգահեռ՝ մեր քաղաքացիները հնարավորություն կունենան էլեկտրոնային տարբերակով տեղեկատվություն ստանալ մսի անվտանգության մասին:

Հուլիսից կենդանիների մորթը դառնալու է պարտադիր սպանդանոցային: Հանրապետությունում ներկայումս կա 18 սպանդանոց: Սակայն նախատեսվում է դրանց թիվը հասցնել 71-ի: 2 սպանդանոցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտման փուլում են: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանի խոսքով՝ պարտադիր սպանդանոցային մորթի դեպքում  արագ կհայտնաբերվեն մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունները: Բացի սա, մորթը կիրականացվի սանիտարական նորմերի պահպանմամբ, ազգաբնակչությանը կապահովեն անվտանգ մսամթերքով և նաև կստեղծվեն աշխատատեղեր: Իսկ արդեն  բավարար քանակի սպանդանոցների դեպքում  կլինի նաեւ մրցակցություն:

«Ցանկացած սպանդանոց կուզենա, որ իր մոտ  կատարվի մորթը և որպես մոտիվացիա կիրականացնի գնի իջեցում, որպեսզի շահագրգռի քաղաքացիներին: Եվ կզսպի գնաճը, քանի որ հարևան մարզում նույն կարողությամբ սպանդանոցը չի կարող  բարձր գնով առաջարկ ներկայացնի»:  

«Կանչ» կոոպերատիվի տնօրեն Հարություն Մխիթարյանը ողջունում է նախագիծը: Այս ծրագրի շրջանակներում Թալինի տարածաշրջանն էլ կունենա սպանդանոց՝ ասում է: Նախկինում մորթն իրականացրել են Մասիսի և Ապարանի սպանդանոցներում:  Եթե նախկինում կոոպերատիվի տնօրենը դժգոհ էր սպանդանոցներից, քանի որ արհեստականորեն  բարձրացնում էին գինը և նաև կենդանիների որոշ օրգաններ մորթի ժամանակ պահում իրենց, ապա  սպանդանոցային ցանցի ներմուծման շրջանակներում կվերանա  և՛ֆերմերի ու սպանդանոցի միջև գործող միջնորդը, և՛ կլինի մրցակցություն. Արդյունքում` կշահեն քաղաքացիներն ու ֆերմերը:

« Ընդհակառակը՝ կլավանա, միջնորդի դերը կվերանա: Միջնորդն է գինը բարձրացնում: Արտադրողը նույն գինն է ինքը ստանում, իսկ միջնորդը ինքն է աշխատում այդ փողը: Կկարգավորվի գինը, ընդհակառակը քաղաքացու համար կլավանա, կէժանանա գինը»:

Պարտադիր սպանդանոցային մորթի անցնելուց հետո սպանդանոցային ծագման մսի համար  տրվելու է անասնաբուժական  փաստաթուղթ:  Սպանդանոցում իրականացված մորթը հաստատող փաստաթուղթը, եթե նախկինում տրվում էր  ձեռագիր, ապա այժմ այն արդեն էլեկտրոնային է և ավելի  շատ տեղեկատվություն պարունակող՝ ասում է Սննդի անվտանգության պետական ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման  վարչության պետ Գեղամ Սիմոնյանը:

«Միսը ում է պատկանում, որ սպանդանոցում է մորթվել, ինչ ծագման է եղել, որ կազմակերպությունն է իրականացրել առաքումը, ով է իրականացրել անասնաբուժական փորձաքննությունը: Խնդիրներ առաջանալու դեպքում հնարավոր կլինի պարզել ռիսկային օղակները»:

Մինչ այս ծրագիրը, սպանդանոցային մորթը հաստատող փաստաթուղթը  տրվում էր  մեկ օրինակից, իսկ մսամթերքի իրացումն իրականացվում մի քանի վայրում, որտեղ պահանջվում էր փաստաթուղթ։ Սա խնդիր էր: Էլեկտրոնային փաստաթուղթը  լուծում է այն՝ ասում է ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման  վարչության պետը։

«QR կոդով հավաստագիրը կրկնօրինակում են,  տալիս մսամթերքն ընդունող օբյեկտներին, իսկ վրայի կոդը հղում է կատարում Սննդի անվտանգության պետական ծառայության կայքի համապատասխան մաս, որտեղ տրվում է մսի մասին ամբողջ տեղեկատվությունը»:  

Մսի անվտանգության մասին ողջ տեղեկատվությունը պարունակող հավաստագրերը սուպերմարկետներ կմտնեն մայիս-հունիս ամիսներին: Սակայն հավաստագրերը հնարավոր է, որ ոչ բոլոր   խանութներում լինեն։ Չենք ուզում ստիպողաբար որևէ գործ անել՝ ասում է Գեղամ Սիմոնյանը:


«Հիմնականում այդ փաստաթուղթը պահվում է մատակարարման ցանցի արխիվներում: Իսկ ներկա պահին իրենից ոչ մի խնդիր չի ներկայացնում ինքը պատճենահանվի ու դրվի դախլում այսպես ասած»:  

Եթե հավաստագրերը պարտադիր կերպով խանութները  չեն կիրառելու,  այս դեպքում հարց է առաջանում, ինչպե՞ս սպառոողը վստահ լինի, որ գնում է անվտանգ մսամթերք: Ծառայության ներկայացուցիչը պատասխանեց:

«Այստեղ սուպերմարկետի վարկանիշն է: Սուպերմարկետը պետք է ստիպի մատակարարին, որ իրեն մատակարարի այդ ոճի մեջ:  Ինքը կարող է հրաժարվել էլեկտրոնային տարբերակից, սակայն ուղեկցող փաստաթուղթը պարտադիր է: Ուղղակի սա ավելի ինֆորմատիվ չէ»:

Մեկ բայց էլ կա: Արդյո՞ք այս հավաստագիրը լիարժեք ապահովելու է անվտանգությունը, ինչպես է վերահսկվելու այս հավաստագրի անվան տակ այլ մսամթերքի վաճառքը:  Զրուցակիցս չհերքեց, որ նման ռիսկեր միշտ էլ լինելու են:

«Մենք ստեղծագործող ազգ ենք և դա զուտ մեր տեսչական գործունեության և վերահսկողության  արդյունքում  պետք է իրականացնենք»:

Սպանդանոցային պարտադիր մորթն ու համապատասխան փաստաթղթավորումը լավ ծրագիր է՝ ասում է սննդաբան Դավիթ Պիպոյանը։ Պատշաճ մակարդակով իրականացնելու դեպքում՝ կնկատվի բարերար ազդեցությունը, վստահ է: Իսկ հավաստագրերի  անվան տակ այլ մսամթերքի վաճառքը հնարավոր կլինի կանխել միայն համարակալման միջոցով՝ ասում է:

Մեզ մոտ, սակայն, կենդանիները համարակալված, անձնագրավորված չեն, չունենք համապատասխան ռեեստրներ: Այս դեպքում՝ անօրինությունները բացառել հնարավոր չէ:

Back to top button