Քաղաքական

ԵԽԽՎ բանաձևից հանվել են բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները

Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

«Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը:

Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների:

Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում»,- նշել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մասնավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն: «Այսօր զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»,- ասել է նա:

Back to top button