Քաղաքական

Ինչով է պայմանվորված դիվերսիոն հարձակման փորձը


Ինչպես արդեն հայտնել ենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:

«Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ  ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են»,- նշված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հակառակորդի դիվերսիոն հարձակումները ոչ միայն Բաքվի ջղաձգումների հետևանք է, այլև կեղտոտ բիզնես՝  համոզված է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրանք գիտեն հայկական կողմի ուժը, մարտունակությունը, ամեն անգամ ոտնձգության դիմելով, հակահարված են ստանում ու զոհեր և վիրավորներ թողնելով հետ շպրտվում ելման դիրքեր ու դարձյալ չեն խրատվում: Ինչու

«Նրանք զոհերի թիվը չեն հրապարակում,  և դա կեղտոտ բիզնես է, օրգաններ են վաճառում»:

Նման սանձարձակությունը հաջորդում է Նալբանդյան-Մամեդյարով կրակովյան հանդիպմանը, նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթին ու ադրբեջանցի պատվիրակին որոշ դաստիարակչական պարզաբանումներ տալուն: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ հակառակորդի  դիվերսիան վկայում է, որ ինչ-որ բան Բաքվի սրտովը չէ:

«Այստեղ կարելի է մի ենթադրություն անել, որ վերջին հանդիպումը արտգործնախարարների հետ, որտեղ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի, ուղղված Կասպրշկի գրասենյակի ընդլայնմանը, իրեն ձեռնտու չէր և այդպես է արտահայտում իր դժգոհությունը։ Բայց, մյուս կողմից, պարտադրված գնում է քայլերի, որոնք նախանշված են դեռևս Վիեննայի պայմանավորվածությամբ»,- ասաց նա:

Դիվերսիան հաջորդեց նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակ մատակարարելուն: Գուցե դա՞ է ոգևորել հակառակորդին, առավել ևս, որ Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում: Որը կլինի հայկական կողմի պատասխանն այդ հայտարարությանը, լրագրողների այս հարցին Շավարշ Քոչարյանի արձագանքը.

«Այնքան հայտարարություններ են արվում Ադրբեջանի կողմից: Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը` ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցային հնարավորություններից: Ընդ որում` շատ ավելի մատչելի գներով ստանում է սպառազինություն: Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը»,- ասաց նա:

Արցախի նախագահի մամուլի խոսնակն անկախ ամեն ինչից կարևորում է, որ հայկական կողմը զոհ ու վիրավոր չունի, իսկ դիվերսիոն փորձը, ՀՀ նախագահի ադրբեջանցի պատվիրակին տված բացատրական պատասխանից հետո, ըստ նրա, ևս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի ահաբեկչական երկիր լինելու մասին:

Կատարվածի մասին միջնորդներին բնականաբար տեղեկացնում են նամակի միջոցով՝ ասաց Դավիթ Բաբայանը, իսկ արձագանք թերևս լինի շուտով՝ եկող ամսվա սկզբին ԵԱՀՄ ՄԽ-ի տարածաշրջան այցի ընթացքում:

Back to top button