Վերլուծական

Ով, ում է խաբել աֆրինյան հարձակման մեջ


Թուրքական զինուժի ներխուժումը հարեւան Սիրիա շարունակվում է՝ ընդգրկելով աշխարհագրությունը: Այսօր հայտնի դարձավ, որ թուրքական օդուժն առաջին անգամ հրթիռակոծել է սիրիական Մանբիջը: «Ռադիոլուրը» ավելի վաղ փոխանցել էր թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքը, համաձայն որի, դեռ երկու օր առաջ էր թուրքական զինուժը հարձակվել Մանբիջի վրա:

Հունվարի 20-ից սկսած թուրքական իշխանութունները չեն հերքում, որ սահմանափակվելու են միայն քրդաբնակ ԱՖրինով: Երեկ դրա մասին կրկին հայտարարել է Էրդողանը՝ ասելով, որ Մանբիջը քուրդ զինյալներից մաքրելու ծրագիր իրենք վաղուց ունեն և անգամ պայմանավորվածություն են ունեցել ԱՄՆ-ի հետ, սակայն նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն իրենց «խաբել է»:

 

Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների արդյունքում նախօրեին մեկ հայ է վիրավորվել: Լուրը հաստատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան իր նպատակներն իրականացնելու համար հակամարտության նոր օջախ է ստեղծում Սիրիայի հյուսիսում` հրահրելով քուրդ- արաբական հակասություններ: Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի,  Աֆրինը հայաբնակ վայրերից գտնվում է մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա, իսկ այսօր այդ քրդաբնակ հատվածում կանգնած է թուրք զինվորը: Ի՞նչ սպառնալիքներ կան հայաբնակ վայրերի համար. Գործողությունները փոխհամաձայնեցված են և որոշակի սահմաններում գծված՝ ասում է Արմեն Պետրոսյանը:

«Կան որոշակի կարմիր գծեր, որոնք որևէ կերպ Անկարան չի անցնի: Սա փոխհամաձայնեցված գործողություն է Ռուսաստանի ու Իրանի հետ: Այն շրջանները, որտեղ Թեհրանն ու Մոսկվան ունեն շահեր, բնականաբար, դուրս են մնալու Թուրքիայի հետաքրքրություններից»:

Այս օրերին քրդական կողը հայտարարում է, որ ԱՄՆ եւ Ռուսաստանը դավաճանել են իրենց, մյուս կողմից էլ թուրքերն են նշում, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն է խաբել Էրդողանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահը եւ արտգործնախարարը ռազմական գործողությունների ընթացքում տարբեր առիթներով հայտարարում են, որ եթե ամերիկացիները չեն կարողնաւոմ Մանբիջը այսպես ասած «մաքրել» ահաբեկիչներից, իրենք դա կարող են անել: Ավելին՝ ըստ Էրդողանի՝ Մանբիջի համար Բարաք Օբամայի հետ անգամ եղել է ներքին պայմանավորվածություն, որը Վաշինգտոնը չի կատարել՝ հայտարարում է Անկարան։

Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահների միջեւ հեռախոսազրույց է այսօր տեղի ունեցել: Էրդողանը, բնականաբար, շեշտել է, որ Թուրքիայի քայլերը Սիրիայում որևէ կերպ չեն հակասում միջազգային իրավունքին և բխում են թե՛ Թուրքիայի անվտանգության, թե՛ ահաբեկչության դեմ պայքարի շահերից: Իսկ Թրամփն, իր հերթին, Էրդողանից պահանջել է սահմանափակել Աֆրինում ռազմական գործողությունը:

Ստամբուլում լույս տենող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ներկայացնելով «Ռադոիլուրին» այս օրերին Թուրքիայում տիրող իրավիճակը, փոխանցում է, հասարակության մեջ ազգային անվտանգությանը վերաբերող հարցերում երկպառակություն չի լինում՝ չկան կողմեր եւ դեմեր.

Եվ վերջին լուրերի համաձայն, Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների զինյալները հայտնել են, որ գերեւարել են 16 թուրք զինվորի: Ըստ նրանց, այժմ նկատվում է թուրքական օդուժի հարվածների հաճախականության նվազում:

Back to top button