Հասարակություն

Կոմիտե՞, թե՞ ծառայություն. կարեւորը վիճակագրական տվյալները հավաստի լինեն

Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ Դավոսում է, կառավարությունն այսօր հերթական նիստն է անցկացրել: Այն վարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Գործադիրում այսօր փորձում էին հասկանալ՝ մեր երկրում այսուհետ Ազգային վիճակագրական ծառայությո՞ւն, թե՞ կոմիտե է լինելու:

Թե ինչպես կկոչվի այս մարմինը, մեր համաքաղաքացիների համար միևնույնն է՝ պարզել է «Ռադիոլուրի» հարցումը:

Խորհո՞ւրդ, թե՞ կոմիտե. կառավարությունում կարծիքները տարբեր են։ Այս դեպքում խոսքը ներկայիս Ազգային վիճակագրական ծառայության անվանման մասին է: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ քննարկման սեղանին է «Պետական վիճակագրության մասին» նոր օրենքի նախագիծը: Հիմնական նպատակը, ըստ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, հետևյալն է.

«Ապահովել, որպեսզի պաշտոնական վիճակագրություն արտադրողները տարածեն բարձր որակի վիճակագրական տվյալներ»:

Օրենսդրությամբ սահմանված է՝ մարմինը կազմված է լինելու վիճակագրության կոմիտեից ու պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներից:

«Կառավարությանը ենթակա մարմին է լինելու։ Միաժամանակ լինելով ենթակա մարմին՝ իր գործունեության մեջ անկախ է լինելու և ղեկավարվելու է միմիայն օրենքով: Կոլեգիալ մարմին կստեղծվի»։

Կոմիտեի նախագահին ու անդամներին կներկայացնի վարչապետը, կնշանակի կառավարությունը՝ 6 տարի ժամանակով: Սա, ըստ արդարադատության նախարարի, էական քայլ է: ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը կոմիտե բառից է դժգոհ։ Նա կառավարության նիստին եկել էր կոմիտե բառի թարգմանությամբ։ Ավելին, առաջարկեց մարմինը ոչ թե կոմիտե, այլ՝ ծառայություն կոչել.

Կառավարությունը, ու ոչ միայն, տարբեր առիթներով համեմատություններ է անցկացնում միջազգային կառույցների հետ, սակայն այսօր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հակադարձեց:

«Կողմնորոշվենք, թե ինչ ստանդարտներով ենք ղեկավարվելու»,- հորդորեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա մի քանի րոպե պարզաբանում էր բառի անվանման տրամաբանությունը:

Կոմիտե՞, թե՞ ծառայություն. Մեծ Բրիտանիայի լեգենդար վարչապետ Ուինսթոն Չերչիլի համար մեծ տարբերություն չկար։ Ինչ որ առիթով ասել էր. կա սուտ, մեծ սուտ եւ վիճակագրություն: Վստահո՞ւմ են արդյոք վիճակագրական տվյալներին մեր համաքաղաքացիները։

Կրկին հիշելով Չերչիլին, փոխելով ժողովրդավարության մասին նրա խոսքը՝ կարող ենք ասել. հավատանք, թե ոչ վիճակագրությանը, մարդկությունն առայժմ հասարակական կյանքի իրողությունները չափելու այլ գործիք չի հայտնաբերել, քան վիճակագրությունն է։

Back to top button