

Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ կայացավ «Շնորհակալությու՛ն, հայ զինվոր» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը տրամադրվելու է զինծառայողների առողջության վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանն ու վերազինմանը: Ապրիլյան պատերազմի մասնակից մի խումբ տղաների այս նախաձեռնությանը սիրահոժար իրենց աջակցությունն էին բերել մշակույթի նախարարությունը, հայտնի երգիչ, երգչուհիներ:
«Սա շատ սովորական վերաբերմունք է այն տղաների հանդեպ, որոնք հանուն մեզ չխնայեցին ամենաթանկը»,- «Շնորհակալությու՛ն, հայ զինվոր» բարեգործական համերգին նախորդած՝ Ռադիոլուրի հետ ճեպազրույցում ասաց մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը՝ երգիչ Մրոն:
Նախաձեռնությանը սիրահոժար իրենց աջակցությունն էին բերել հայտնի երգիչ, երգչուհիներ, ում մասնակցությամբ էլ կայացավ բարեգործական համերգը: «Ում համար, եթե ոչ բանակի ու զինվորի»,-ասում է երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Համերգին ներկա էին հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաներ: Ապրիլյան պատերազմի օրերին Հայկ Թորոսյանը գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել: Մինչ օրս վերականգնողական փուլում է: Հայկը բարեգործական համերգի նախաձեռնողներից մեկն էր:
Բարեգործական համերգին ներկա էր նաև օպերատոր, լուսանկարիչ և ազատամարտիկ Հակոբ Պողոսյանը: 1993 թվականի մարտին, Տոնաշենի ազատագրման ժամանակ Հակոբը վիրավորվել է և ստացել կոնտուզիա: Նույն թվականին, ամբողջությամբ չապաքինված, վերադարձել է Արցախ, որտեղ էլ սեպտեմբերին կրկին վիրավորվել է Ջեբրայիլի մատույցներում: Հակոբ Պողոսյանը մեկն է այն ազատամարտիկներից, ով գիտի ինչ է նշանակում կորցնել առողջությունն ու անցնել վերականգնման ծանր ու երկարատև շրջանը: Հետևաբար խորապես գիտակցում է նաև զինվորականների առողջության վերականգնողական որակյալ կենտրոնի անհրաժեշտությունը:
«Բանակում առողջությունը կորցրած զինվորը մշտապես ունի պետության, հասարակության աջակցության կարիքը: Նրան պետք է օգնել, բայց որևէ կերպ չվիրավերով արժանապատվությունը»,-ասում է ազատամարտիկը: