Տնտեսական

2018-ին Արցախում կառուցվելու է առաջին արեւային էլեկտրակայանը

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր- Ստեփանակերտ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրին զուգահեռ 2018-ին Արցախում կառուցվելու է առաջին արեւային էլեկտրակայանը: Ինչպես հայտնի է, «Հեռուսատամարաթոն 2017»- ի արդյունքների մի  մասն ուղղվելու է Արցախի մի շարք բնակավայրերում արեւային կայանների տեղադրմանը:

 

Արեւային էներգիայի օգտագործման ուղղությամբ Արցախում առաջին անգամ չեն քայլեր ձեռնարկվում։ Նախկինում փորձեր են եղել որոշ հեռավոր գյուղերում նման կայաններ օգտագործել, սակայն դրանք ավարտվել են անհաջողությամբ: Բայց վերջին տարիներին նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ արեւային մարտկոցներ են սկսել օգտագործվել ինչպես պետական, այնպես էլ որոշ մասնավոր նախագծերում, դրանք կիրառություն են գտել նաեւ պաշտպանության բանակում։

Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ՝ կառավարությունն ապրիլյան պատերազմից հետո սկսեց Արցախում արեւային էներգիայի պոտենցիալի օգտագործման հնարավորությունները ուսումնասիրել։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այդ ուղղությամբ զբաղվող հատուկ լաբորատորիա բացվեց:  «Հայաստան» համահայկական հիմնադրամը ծրագրի ավելի համատարած կիրառման սկիզբը պիտի դնի։ Հատուկ կայանների շնորհիվ  արեւային էներգիան պիտի օգտագործվի Ասկերանի եւ Շուշիի շրջանների հանրային նշանակության հիմնարկներում:

Նույն ծրագրի համաձայն՝ տաք ջուր եւ տաքացում կունենան նաեւ Շուշիի շրջանի Քարին տակ համայնքի բնակելի տները: Հիմնադրամի արցախյան ծրագրերի ղեկավար Վալերի Ղազարյանի խոսքով, այդ ուղղությամբ գործընթացի  առաջին փուլն արդեն մեկնարկել է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրին զուգահեռ 2018թ.  Արցախում մասնավոր ներդրումներով առաջին արեւային էլեկտրակայանն է կառուցվելու: Դրա մասին հայտարարել է պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Ծրագրի մանրամասները դեռ չեն հրապարակվում։ Ներդրումները օտարերկրյա են: Նշվում է , որ դա փորձնական ծրագիր է լինելու: Այդուհանդերձ, պետնախարարի խոսքով, այլընտրանքային էներգիայի աղբյուրներից նախընտրելին առայժմ Արցախի համար մնում են հիդրոռեսուրսները:

2018-ին մասնավոր ներդրումներով Արցախում նոր ջրամբարների եւ ՀԷԿ- երի կառուցման մեկնարկ կտրվի: Նախատեսվում է մինչեւ 2020 թվականը 10 նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցել։ Դրա արդյունքում տարեկան կարտադրվի  550 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:

Back to top button