Հասարակություն

Կրկին ժամկետի խախտում

Սննդի անվտանգության պետական ծառայությունը տոնական օրերին բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել իրացման կետերում: Ահազանգերից մեկի հեղինակն էլ «Ռադիոլուրն» էր:

Նմանատիպ խախտումները բացառելու, իրազեկելու և լուսաբանումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրերի լուսաբանում» թեմայով սեմինար է կազմակերպել:

Մինչ սեմինարը շարունակվում էր՝ հարևանությամբ գտնվող խանութում «Ռադիոլուրը» սննդամթերքի ժամկետի հերթական խախտման ականատեսը դարձավ:

Մինչ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր սեմինարն էր անցկացնում  Ծաղկաձորում «Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրերի լուսաբանում» թեմայով, «Ռադիոլուրը» խանութներում սննդամթերքի ժամկետի խախտման հերթական ահազանգը հնչեցրեց: Խանութից գնումներ կատարելու ժամանակ նկատեցի պանրի տեսականի, որի վրա իսպառ բացակայում էր արտադրության ժամկետը:

Միանգամից զանգահարեցի ծառայության աշխատակցուհուն՝ արձանագրելու և խախտումը տեղում վերացնելու նպատակով: Մինչ կառույցի ներկայացուցիչը փորձում էր հասկանալ, թե ինչու է ժամկետը բացակայում, խանութի վրդովված  վաճառողուհին մեղքը բարդում էր բացառապես արտադրող ընկերության վրա և պնդում՝ դուր չի գալիս, կամ կասկածում եք, մի գնեք: Այս հայտարարությունից հետո, իհարկե, կառույցի ներկայացուցիչը ստիպված էր ներկայանալ:

Ներկայանալուց հետո խանութի աշխատողները փոխեցին իրենց մեղադրական տոնը և հայտնվեցին այլևս լսողի և սխալը ընդունողի դերում:

Ի դեպ, նմանատիպ բազմաթիվ խախտումներ են եղել հատկապես տոնական օրերին, «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց Սննդի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Սովորաբար պատկերը շատ ավելի անմխիթար է մարզերում:  Վահե Դանիելյանը նաև հայտնեց, որ տոնական օրերին դեռևս դեկտեմբերի 26-ից վերահսկողություն է իրականացվել բոլոր իրացման կետերում: Միևնույն ժամանակ նկատենք, որ «Ռադիոլուրի» նախորդ ահազանգը հենց տոնական օրերին է եղել: Թե ինչպես է պետական կառույցի աչքից վրիպել նմանատիպ խախտումը, դժվար է հասկանալ: Անկախ ամեն ինչից, եթե կա խախտում, կա նաև պատասխանատվություն: Իսկ այս դեպքում պատասխանատուները երկուսն են՝ ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը:

Ըստ էության՝ սիրողական վերահսկողության հետևանք է՝ ասում է Բաբկեն Պիպոյանը և հավելում, եթե նույնիսկ խախտումը վերացնելուց հետո նույն խանութում որոշ ժամանակ անց նորից հայտնվում է թերի մակնշմամբ սննդամթերք, սա արդեն պետական կառույցի թերի աշխատանքի արդյունքն է:

Back to top button