Քաղաքական

ԵՄ-ն շատ բան է արել՝ բարելավելու ընտրական չափորոշիչները Հայաստանում. Սվիտալսկի


 «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության փորձագետները եզրահանգել են, որ չնայած գործադրված ջանքերին եւ կատարված մի շարք դրական փոփոխություններին, 2017 թ. ապրիլի 2-ի  խորհրդարանական ընտրություններում բոլոր խնդիրները չէ, որ լուծվել են, իսկ հետագայում առավել հանրային վստահություն վայելող ընտրություններ ունենալու համար շահագրգիռ կողմերից ջանքերը պետք է լինեն շարունակական:

Փորձագետների կարծիքների այսօրվա հրապարակմանը ներկա էր նաեւ եւ ողջույնով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

 

ԵՄ-ն շատ բան է արել՝ բարելավելու ընտրական չափորոշիչները Հայաստանում: Վերջին ընտրություններում տեխնիկական կարգավորումների համար ավելի քան 7 մլն եվրո էր ներդրել: ԵՄ-ն աջակցել է նաեւ դիտորդական գործընթացին: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի մասնագետներն արձանագրում են, որ ԵՄ-ի հետ համագործակցությամբ հնարավոր է եղել մի շարք դրական փոփոխությունների հանգել:

Չնայած այդ բոլոր ջանքերի եւ դրական փոփոխությունների՝ բոլոր խնդիրները չէ, որ հնարավոր է եղել լուծել՝ նշեցին ՀԿ-ի փորձագետները: Մասնավորապես, անդրադառնալով ընտրությունների համատեքստում քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին՝ կազմակերպության ավագ իրավաբան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը հետեւյալ եզրահանգումն արեց.

«Սա մեր կողմից գնահատվում է որպես դրական փոփոխություն, սակայն դրանով խնդիրները չեն լուծվել, որովհետեւ հիմնական խնդիրը կայանում է իրավակիրառ պրակտիկայում այս հոդվածները կյանքի կոչելու մեջ»:

Բավականին մանրամասն ներկայացնելով զեկույցն ու արդյունքում արված եզրահանգումներն ու առաջարկները՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը նշեց.

«Ջանքերը պետք է լինեն շարունակական, ինչը կարեւոր է որպեսզի հաջորդիվ մենք ունենանք ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ դիտորդական առաքելություն»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ նման զեկույցները կարեւոր են ապագային հայացքն ուղղելու առումով, քանի որ, մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած զեկույցում հստակորեն նշվում է, թե ինչը լավ եւ ինչը վատ ընթացավ:

«ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ընտրական գործընթացների ժողովրդավարական չափորոշիչների զարգացումն առաջ տանելու համար: Մենք որեւէ բան չենք պարտադրում, բայց կարեւոր է, որ այս ջանքը դիտարկենք որպես շարունակական գործողություն: Մենք քաջալերում ենք շահագրգիռ կողմերին՝ կառավարությանը, քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը՝ նախապես մտածել հաջորդ ընտրությունների մասին»:

Նման վերլուծությունները ցույց են տալիս այն խնդիրները, որոնց ուղղությամբ նախապես պետք է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխությունները՝ Հայաստանում այնպիսի ընտրական համակարգ ձեւավորելու ցանկությամբ, որը հիշեցնում է զարգացած ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներին՝ նշեց դեսպան Սվիտալսկին: Նրա խոսքով, նպատակն էլ ակնհայտ է՝ բարելավել հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:

Back to top button