Մշակույթ

Պոետ, թարգմանիչ, հետո դերասան Արման Կոթիկյան. «Չոռանաք իմ անունն էլ տալ»

Կինոյում իր դերերով, պոեզիայում` բանաստեղծություններով, գրականության մեջ իր թարգմանություններով հայտնի Արման Կոթիկյանին ամենալավը գիտեն կինոյից։ Դերասանի մնացած մասնագիտություններն այդքան էլ ծանոթ չեն:

Տաղանդավոր հայի դուստրը գիրք է նվիրել հորը: Այսօր «Չմոռանա՛ք իմ անունն էլ տալ» գրքի շնորհանդեսն էր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

 

 

«Նվագախմբի տղաները» ֆիլմի  Յոհան Շտեռլինգը, «Տժվժիկ»-ի  պարոն Հովսեփը, «Կարինե» -ից փաստաբան Սիսակյանը,  «01-99» -ի գինեգործ Պողոսը և մեկ տասնյակից ավելի դերերը կինոյում Արման Կոթիկյանինն են, դերասանի, որն իր մասնակցությամբ ֆիլմերն իր դերերով է սիրելի դարձրել:

Այդ դերերով են մինչև հիմա նրան հիշում, նաև արտահայտություններով, որոնք վաղուց արդեն թևավոր խոսքեր են դարձել:

Տրապիզոնցի տաղանդավոր հայը դիրիժոր էր ոչ միայն «Նվագախմբի տղաներ»- ի համար, այլև Տրապիզոնի Աղջկանց վարժարանում՝ իր սաներից կազմած եռաձայն երգչախմբում:

Արդեն 1925-ին նա ուսանում էր իրավաբանություն և գրականություն՝ միաժամանակ Սորբոնի համալսարանում: 33 տարեկանում Կոթիկյանը հրատարակեց իր բանաստեղծությունների ժողովածուն՝ «Մխացող շուշաններ»- ն ու հայտնի դարձավ իր բանաստեղծություններով:

Նա փայլում էր իր ընտրած ցանկացած ոլորտում՝ ասում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Նա եկավ Հայաստան, երբ բոլորը գնում էին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում:

1951-ին առաջին անգամ Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» կարդացին Արման Կոթիկյանի թարգմանությամբ: Հետո այդ շարքին ավելացան Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ»-ը, Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն»-ն ու բազմաթիվ այլ ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ:

Արման Կոթիկյանն ինչպես հայ ընթերցողին էր հասցնում արտասահմանյան գրականության գոհարները, այնպես էլ հայ մեծերին թարգմանում ֆրանսերեն:

Տաղանդավոր հայի դուստրը՝ Սեդա Կոթիկյանը, հիշում է՝ հայրը չէր սիրում, որ իրեն դերասան էին համարում: Ասում էր՝ ես պոետ եմ, թարգմանիչ, գրականագետ, հետո նոր՝ դերասան:

Աղջիկը, սակայն, բնական է համարում, որ հորը հիմնականում իր դերերով են հիշում:


«Չմոռանա՛ք իմ անունն էլ տալ…» գիրքը երախտագիտության նվերս է հորս, ասում է Սեդա Կոթիկյանը: Ապագա սերունդները թող կարդան ու ճանաչեն տաղանդավոր դերասանին, թարգմաչին, բանաստեղծին ու մարդուն՝ Արման Կոթիկյանին:

Հանրային ռադիոյի արխիվում իր տեղն ունի Արման Կոթիկյանի ձայնը ու բոլոր նրանք, ովքեր ձեռք կբերեն գիրքը, գրքի հետ կստանան խտացված ձայնասկավառակ՝ Արման Կոթիկյանի եզակի ձայնագրություններով:

Back to top button