Քաղաքական

ՀՀ-ԵՄ միջեւ Շարժունակության շուրջ գործընկերության հանդիպման օրակարգում վիզայի ազատականացումն է

Բրյուսելում հունվարի 23-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵՄ կողմից նիստը նախագահում էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրինության Ռազմավարության եւ ընդհանուր հարցերով տնօրեն Մարթա Ցիգանը։

Կողմերը քննարկեցին Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը, ուղենշեցին ապագա առաջնայնությունները։ Երկուստեք փաստվեց մի շարք ոլորտներում, մասնավորապես սահմանային կառավարման, վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման, միգրացիայի եւ զարգացման բնագավառներում հաջող նախագծերի փորձը։

Նախարարի տեղակալ Նազարյանն իր ելույթում շեշտեց դեռեւս 2014թ-ից ուժի մեծ մտած մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի իրականացման հաջող ընթացքը, կարեւորեց ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, որն արտացոլված է ՀՀ-ԵՄ երկկողմ, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության բազմակողմ փաստաթղթերում։

Հայկական կողմից ներկայացվեց մի շարք առանցքային ոլորտներում իրավական եւ կարգավորիչ դաշտին առնչվող վերջին զարգացումները, նշվեց բարեփոխումների շարունակականությունն ապահովելու պատրաստակամության մասին։

Նիստին մասնկացում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության պաշտոնյաներ, ԱՍՀՆ Զբաղվածության գործակալության, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, ԵՄ կառույցների, անդամ պետությունների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Back to top button