Հասարակություն

Բիթքոինի «հայրերը»՝ Երեւանում. որքանո՞վ է Հայաստանը «բիթքոինացման» ենթակա

Bitcoin վիրտուալ արժույթին կարելի է դեմ լինել, կարելի է կողմ լինել, սակայն չի կարելի ասել, որ այն չի աշխատում՝ Երեւանում հայտարարել է բիթքոինի ամերիկացի մասնագետ Նիք Սփենոսը: Մասնագետն իր գործընկերների հետ մեր երկրում է՝  հասկանալու ու բացատրելու, թե Հայաստանում վիրտուալ արժույթը գործելու ինչ հեռանկարներ ու հնարավորություններ ունի:

Հայաստանյան քննարկումները բիզնես միջավայրի հետ են, նաեւ՝ Կենտրոնական բանկի, որտեղ հետաքրքրությամբ լսել են այս մասնագետներին, բայց եւ միաժամանակ հայտարարում են՝ բիթքոինի գործարքների հետ կապված ռիսկերի տերն իրենք չեն:

Որքանո՞վ է Հայաստանը բիթքոինի գործարքների համար հարմար միջավայր: Այս հարցը նախ իրենց, ապա հայաստանցիների համար պարզելու համար վիրտուալ արժույթի մասնագետները մեր երկրում են: Նրանց հատկապես հետաքրքրում են հանքարդյունաբերության, ոսկու, ադամանդի արտադրության ոլորտները. որքանով են դրանք «բիթքոինացման» ենթակա: Գործնական ճաշեր, քննարկումներ, նաեւ՝ հանդիպումներ Կենտրոնական բանկում: Բիթքոինի ամերիկացի մասնագետ Նիք Սփենոս:

ԿԲ-ում հետաքրքրվել են համակարգով, եւ սա այն պարագայում, երբ մեր երկրի գլխավոր դրամատունը հայտարարում է, որ բիթքոինով գործարքները շարունակում են համարվել ռիսկային, անվերահսկելի, պատասխանատվության դաշտից դուրս: ՀՀ Կենտրոնական բանկը կրիպտոարժույթների հետ կապված որեւէ գործառույթ չի կարգավորում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտում է գլխավոր դրամատան մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը:

Ուստի, նրա փոխանցմամբ, խիստ մտահոգիչ են այդ շուկան ու միտումները: ԿԲ-ն առաջնորդվում է ԱՄՀ դիրքորոշմամբ՝ պետք է լինել զգուշավոր: Շատ քիչ ժամանակ է անցել, որպեսզի հստակ եւ վերջնական պատկեր ու դիրքորոշում ձեւավորվի: Ռիսկերը՝ ռիսկեր, սակայն արագ եկամուտ ստանալու հնարավորությունը գրավում է մարդկանց: Դիտարկմանը Կբեյանն  արձագանքում է՝ բնական է, իրենք էլ են հասկանում: Ուստի ԿԲ-ն ուշիուշով հետեւում է զարգացումներին, բայց համակարգը կարգավորման ենթակա չէ՝ շեշտում է ԿԲ մամուլի խոսնակը:

«Կրիպտոարժույթների պարագայում բոլոր ռիկսերն այն քաղաքացունն են, ով մտել է նման հարաբերությունների մեջ: Մնացած դեպքերում, եթե խնդիրը օրենքով կարգավորման դաշտում է, կան համապատասխան գործիքներ՝ Սահմանադրություն, ԿԲ մասին օրենք, Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտ: Սակայն կրիպտոարժույթների դեպքում ոչ մի նման մեխանիզմ չի գործում»:

Ինչեւէ, վերադառնանք Bitcoin-ին: 2011-13 թվականներին, երբ վիրտուալ արժույթը նոր էր ստեղծվել, լրատվամիջոցներն այն ներկայացնում էին միայն մութ գործարքների գործիք՝ խոստովանում են հենց համակարգի պատասխանատուները: Այն ստեղծողները ժամանակին հանդիպում էին այգիներում, սրճարաններում, այս մասին բացեիբաց չէին խոսում: Հիմա արդեն նոր արժույթը գրավել է աշխարհը, ապացուցել իր թափանցիկությունն ու ճկունությունը՝ վստահ են: Ցանցում արդեն 21 մլն բիթքոին կա:

Իսկ որ կրիպտոարժույթի շրջանառությունը չի ճանաչում սահմաններ, չի ենթարկվում բանկային վերահսկողության, չի հարկվում, հարկերից խուսափելու, կեղտոտ փողերի լվացման եւ երկրից արտահոսքի, ահաբեկչության եւ խարդախների ֆինանսավորման աղբյուր է, այս դիտարկումների մասին «Ռադիոլուր»-ի հարցին բիթքոինի ամերիկացի մասնագետ Նիք Սփենոսն արձագանքում է՝

«Երբեք չի կարող մրցակցել կանխիկ դրամի հետ»:

Bitcoin-ն իրականում վիրտուալ արժույթ է, անվանվում է նաեւ կրիպտոարժույթ: Սա գումար է, որը հնարավոր չէ տեսնել կամ շոշափել, առձեռն հաշվել, որքան էլ դժվար է պատկերացնել: Ճապոնիայում Bitcoin-ը և մյուս կրիպտոարժույթները պաշտոնապես համարվում են վճարման միջոց: Այլ պետություններում ևս աստիճանաբար տարածվում են կրիպտոարժույթները: Bitcoin-ը մտավ բորսա 1 դոլար արժեքով, իսկ այժմ սահմանում է ռեկորդային արժեք: Հայաստանում այսօր գործում են բիթքոինի փոխանակման կետեր, որոնցից մեկի աշխատակցի հետ «Ռադիոլուրը» փոքրիկ անանուն զրույց ունեցավ:

Վիրտուալ արժույթով գործարքները որքան էլ արագ եկամուտ ստանալու, միաժամանակ նաեւ խիստ ռիսկային գործունեություն է՝ դուրս Կենտրոնական բանկի եւ առհասարակ պետական ֆինանսական ու հարկային համակարգերի վերահսկողությունից: Ուստի վիրտուալ արժույթով իրական կյանքը կարգավորելուց առաջ հարկ է սեփական ռիսկերը սեփական կշեռքին դնել:

Back to top button