ԿարևորՏնտեսական

ԱԺ լսումներում գնաճը մեղմելու դեղատոմսը չտնվեց

Ինչպես մեղմել գնաճը. այս հարցի պատասխանն այսօր խորհրդարանում հավաքվածները լսումների ընթացքում չգտան եւ չտվեցին: Շատերը չգոհացան հարցերի պատասխաններից, մյուսները՝ քննարկման կազմակերպման ձեւից:

Վեճերն անսպառ էին:  Խորհրդարանական լսումների նախաձեռնողները, սակայն, գոհ մնացին կատարած աշխատանքից: Մինչ թանկացումները դեռ ընթացքի մեջ են, խորհրդարանականները պատրաստ են հարկ եղած դեպքում նորից հավաքվելու եւ քննարկելու որոշ ապրանքների գնաճի պատճառներն ու դրանք մեղմելու տարբերակները:

Այսօր խորհրդարանում տարատեսակ թվեր շատ հնչեցին: Դրանցից, իհարկե,  գլուխ կարող են հանել տնտեսագետները, քաղաքական գործիչները եւ տարբեր ոլորտների պատասխանատուները, այդ թվերով մշտապես փորձում են շահարկումներ անել: Իսկ մենք փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում  եւ ինչ լուծումներ են առաջարկվում: Բայց մինչ դրանց անցնելը խոսենք կարագից:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բացահայտեց՝ անցյալ տարվա կեսին միջազգային կառույցների հետազոտություններով պարզվեց, որ ձեթը կոնցեռոգեն է, ուստի կարագ ուտելն ավելի օգտակար է: Կարագի սպառումը շատացավ, արտադրողներն օգտվեցին եւ գները թանկացան, կարագ ուտելն էլ, բնականաբար, բարդացավ եւ այդ ամենը միջազգային շուկայից եկավ հասավ Հայաստան:

Առաջիկայում միջազգային շուկայի նոր ազդեցությունները կրկին հասնելու են մեզ մոտ: Ուսումնասիրություններ ունեն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում՝ ասում է կառույցի նախագահ Արտակ Շաբոյանը:

Բենզինի, գազի եւ դիզվառելիքի թանկացումները Շաբոյանը բացատրում է հարկերի բարձրացմամբ, մնացած այլ ոլորտներում թանկացումների փոխարեն անգամ էժանացումներ է տեսել:
Տարբեր ոլորտների ղեկավարները՝ Ազգային վիճակագրական ծառայությունից, ԿԲ-ից, տարբեր նախարարություններից՝ բոլորը ամբիոնին մոտենում էին մի քանի էջանոց զեկույցներով, ներկայացնում թվեր, ապացուցում ու հիմնավորում, որ հարկերի փոփոխությունը  ոչ թե թանկացումներ, այլ օգուտներ կարող են բերել, որ մեզ մոտ գնաճի եւ աշխատավարձերի առումով իրավիճակն ավելի բարվոք է, քան հարեւան պետություններում: Չհամաձայնողներն ու ընդվզողները շատ էին հատկապես քաղաքական եւ հասարակական դաշտից:
Առաջարկվող լուծումները կարող են հետագայում ստանալ նաեւ օրենսդրական նախաձեռնությունների տեսք: Բայց դա դեռեւս ապագայի համար, իսկ այսօրվա անհապաղ քայլերի մասին մասնագիտական խորհուրդներ՝ հենց տեղում տվեց տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր, «Այլընտրանք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Կարեւորեց հասարակության հետ շփվելու հարցում անկեղծությունը: 

2.6 տոկոսի գնաճի դրական պատկերը ներկայացնելիս անպայման անհրաժեշտ է բացատրել, որ սա միջինացված թիվ է 500 ապրանքատեսակների կտրվածքով, երբ կարեւորագույն ապրանքները թանկանում են, մյուսները էժանանում եւ թվային առումով հավասարակշռում միմյանց:

Առաջարկներից որ հատվածը կընդունվի կամ չի ընդունվի՝ այս պահին դժվար է ասել, բայց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ԱԺ ամբիոնին մոտեցավ նախ ներողություն խնդրելու: Նիստերի դահլիճում շատերի մոտ դժգոհություն էր առաջացրել Արամյանի՝ լրագրողների հետ զրույցի այն հատվածը, երբ նա ասել է, որ 2010-11 թվականներից որեւէ մեկը սովից չմեռավ, երբ գնաճն այն ժամանակ 7 տոկոսից ավելի էր:
Լուծումների առումով Արամյանը խոստովանեց՝ հնարավոր չէ դրանց հասել, ասենք 12 օրվա ընթացքում: Գնաճի խնդիրները կլուծի տնտեսական աճը, որի համար անհրաժեշտ են ներդրումներ, աշխատատեղեր եւ, հասկանալի է, ավելի երկար ժամանակ:  
Back to top button