Տնտեսական

Դավոսում կքննարկվեն երկկողմանի տնտեսական հարցեր

Արդեն երկրորդ օրն է, ինչ հայկական պատվիրակությունը Շվեյցարիայում է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Դավոսից եկող տեղեկատվությունը դեռ շատ չէ, սպասվում է, որ ելույթ է ունենալու նաև Հայաստանի վարչապետը:

Մինչ այդ, հայկական պատվիրակները բազմաթիվ հանդիպումներ են ունենում պոտենցիալ ներդրողների հետ, ներկայացնում մեր երկրի ներդրումային գրավչությունը: Այսօր օրինակ, Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում  հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

 

 

Ինը  տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին շվեյցարական Դավոսում է: Մինչ առողջարանային հանգստավայրում կհավաքվեին  աշխարհի խոշորագույն երկրների ներկայացուցիչները, Հայաստանի վարչապետը  Շվեյցարիայի Համադաշնություն այցը սկսեց աշխատանքային ճաշով:

Կարեն Կարապետյանը  Ցյուրիխում  հանդիպեց Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ, տեղեկացրեց, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի ընթացքում աճել է շուրջ 3,5 անգամ՝ 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

«Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանոմ, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է:  Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր ՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը»:

Կարեն Կարապետյանն առաջարկեց ներդրումներ կատարել  գյուղատնտեսության, հատկապես գինեգործության, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության,  դեղագործության, ենթակառուցվածքների, էներգետիկայի  և հանքարդյունաբերության, ոսկերչության ոլորտներում ու ոչ միայն: Հայաստանի կառավարության ղեկավարը նաև ԵԱՏՄ- ի ու Մեղրի ազատ տնտեսական գոտու մասին խոսեց: Արդեն այսօր կեսօրին իր աշխատանքները սկսեց  տնտեսական համաժողովը:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը Ռադիոլուրի հետ զրույցում  ընդգծում է՝ «Հայաստանը պետք է հստակ օրակարգով ներկայանա»:

Ի՞ նչ ենք տանում Դավոս ու ի՞նչ է պատրաստվում այնտեղ անել հայկական պատվիրակությունը՝ հարցնում ենք Դավոսում գտնվող Հայաստանի զարգացման   հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին.

«Տարբեր նախագահների ու վարչապետի հետ հանդիպումներ են, որտեղ երկկողմանի տնտեսական հարցեր են քննարկվելու»:

Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենը  կարևորում է համաշխարհային ֆորումն ու նշում՝ Հայաստանը պետք է ամեն տարի մասնակցի Դավոսին:

Back to top button